Մատչելիության հղումներ

Վրացական «Դիլա լատինա»-ն Հայաստանում


Չնայած նրան, որ վրացական այս խումբը հիմնականում կատարում է լատինաամերիկյան երգեր՝ Ջիփսի Քինգի, Կառլոս Սանտանայի երգացանկերից, այնուամենայնիվ լրագրողների խնդրանքով երգեցին վրացական եկեղեցական երգ:

Խմբի անդամ Պարտա Իլուրիձեն նշեց, որ սկզբում ուղղակի մտադրություն կար մեկ ամսով գալ գովազդել խումբը եւ ցույց տալ, թե ինչպես են վրացիները լատինաամերիկյան ոճով ստեղծագործում, սակայն նրանք արդեն 1,5 տարի է, ինչ Հայաստանում են. - «Քաղաքականության պատճառով կարծես սառել են հայերի եւ վրացիների հարաբերությունները: Մենք ուզում ենք այդ հարաբերությունները կարգավորել մշակույթի միջոցով: Կիթառի միջոցով շփվում ենք հայերի հետ: Միշտ էլ համագործակցել ենք հայկական խմբերի հետ, նրանցից շատերը հաճախ են լինում Վրաստանում: Պետք է խոստովանեմ, որ սկզբում մեզ այստեղ այնքան էլ լավ չընդունեցին, սակայն հետո, լսելով մեր կատարումները, ավելի հաճախակի սկսեցին գալ մեր ելույթներին»:

«Նկատել եմ, որ մեր երիտասարդները շատ նման են իրար, նրանք հիմնականում լսում են փոփ երաժշտություն, որով հեղեղված է բոլոր հեռուստաընկերությունների եթերը, ինչպես այստեղ, սակայն մեզ մոտ արդեն սկսել են լսել նաեւ ջազ, ռոք, բլյուզ», - շարունակեց նա: - «Ինչ մատուցում ես երիտասարդներին, դա էլ լսում են: Ի տարբերություն Վրաստանի, այստեղ ակումբներն ավելի շատ են, զարգացած է նաեւ ակումբային կյանքը: Մեզ մոտ հիմնականում դիսկոտեկներ են, որոնք երիտասարդության հիմնական ժամանցի վայրերն են»:

Խմբի անդամները նշում են, որ այստեղ եւս իրենց հիմնականում գալիս են լսելու 30-40-ն անց մարդիկ. երիտասարդներն այնքան էլ հետաքրքրված չեն իրենց կատարումներով:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG