Մատչելիության հղումներ

Լույս է տեսել «Արտույտի ագարակը» վեպի անգլերեն թարգմանությունը


Այժմ արդեն անգլերեն լույս է տեսել իտալացի գրող Անտոնիա Արսլանի առաջին վեպը՝ «Արտույտի ագարակը»: Իտալացի ռեժիսորներ Թավիանի եղբայրները գրքի հիման վրա ֆիլմ են նկարահանել, եւ փետրվարի առաջին կեսին ժապավենը ցուցադրվեց Բեռլինի միջազգային կինոփառատոնում:

Գիրքն անգլերեն է թարգմանել Ջեոֆրի Բրոքը. այս մասին տեղեկացնում է The New York Times Book Review թերթը:
«Արտույտի ագարակը» Արսլանի հայ պապի ընտանիքի մասին է, որի մեծ մասը զոհ է գնացել 1915 թվականի կոտորածին:

Վերնագրի ագարակը ժամանակին հաջողակ հայ դեղագործ Սմբատի հայրենական տունն է Անատոլիայի քաղաքներից մեկում: Սմբատի ընտանիքը հետագայում ապաստան է գտնում ավելի վաղ Իտալիա բախտ որոնելու գաղթած նրա եղբոր՝ Երվանդի մոտ: Իսկ Սմբատին ու արական սեռի նրա հարազատներին սպանում են թուրք զինվորները:

Նրանց կանանց, աղջիկներին ու հարյուրավոր այլ կանանց ստիպում են անցնել Սիրիա, որտեղ նրանց սպասում էին մահվան ճամբարները: Բռնի գաղթի շարանները հսկում էին քուրդ զինյալները, որոնք իրենք էին խլում կանանց իրերը, պատիվը, երբեմն` նույնիսկ կյանքը:

Արսլանը նկարագրում է տեղահանումների ծրագրերի հեղինակների երկխոսությունները, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշայի այս հեռագիրը. «Ոչ մի գութ՝ կանանց, ծերերի ու երեխաների հանդեպ. եթե մի հայ էլ կենդանի մնա, հետագայում վրեժ կլուծի»: «Այս խոսքերում մարգարե էր փաշան, տարիներ հետո Բեռլինում մի հայ պիտի սպաներ նրան», - պատմում է «Արտույտի ագարակը» վեպը:

The New York Times Book Review-ի գրախոսության հեղինակ Քրիստոֆեր Բելլայգյուն նաեւ այսպիսի եզրահանգման է գալիս.
«Գիրքն ընթերցելիս արժե առանձնացնել խոստումնալից արձակագիր Արսլանին՝ «նորելուկ» պատմաբանից. նա հայերին նկարագրում է որպես բարի, երազկոտ ժողովուրդ, որոնք ոչինչ ավելին չեն ուզում, քան ապրել իրենց հնամենի հայրենիքում: Իսկ պատմական փաստեր որոնողները գրքում կարող են թյուրիմացության մեջ լինել. օրինակ, Թալեաթի այդպիսի հեռագիր պատմությանը հայտնի չէ: Հենց նման փաստաթղթերի բացակայությունն է վկայակոչում Թուրքիան, երբ պնդում է, որ կոտորածները կանխամտածված ցեղասպանություն չեն եղել, այլ պատերազմի չկանխամտածված հետեւանք»:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG