Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտն անդրադարձել է Խոջալուի խնդրին


«Ամերիկա - Ադրբեջան» ընկերությունը նամակ էր հղել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին՝ հորդորելով նրան գնահատական տալ 1992 թվականի Խոջալուի իրադարձություններին, որոնք ադրբեջանցիներն անվանում են «ցեղասպանություն»: Երկուշաբթի երեկոյան ամենօրյա ճեպազրույցի ընթացքում այդ նամակին եւ Խոջալուի խնդրին անդրադարձել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ, պետքարտուղարի հանրային կապերի գծով օգնական Շոն ՄաքՔորմաքը:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները խորը ափսոսանք է հայտնում 15 տարի առաջ Խոջալուում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների առիթով եւ դատապարտում է նմանօրինակ բոլոր հարձակումները խաղաղ բնակչության վրա: Մենք ցավակցություն ենք հայտնում այդ ողբերգության զոհ դարձած մարդկանց ազգականներին եւ բարեկամներին», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

«Նոր զոհերից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծումը», - նշել է ՄաքՔորմաքը՝ հավելելով, թե Միացյալ Նահանգները ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ կշարունակի նպաստել հարցի դիվանագիտական կարգավորման գործընթացին:

Ադրբեջանում այս օրերին նշում են Խոջալուի իրադարձությունների 15-ամյակը: Ակտիվ աշխատանքներ են ծավալում նաեւ արտերկրի ադրբեջանական համայնքները, որոնք միջոցառումներ են կազմակերպել Հյուսիսային Ամերիկայի, Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներում:

Այնուհանդերձ, Բաքվում դժգոհությամբ են խոսում արտասահմանյան երկրների արձագանքի մասին: Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ եւ գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը երեկ ասել է, թե միջազգային համայնքն անտարբերություն է դրսեւորում Խոջալուի դեպքերի նկատմամբ:

«Մենք մեր կազմակերպած միջոցառմանը հրավիրել ենք Բաքվում հավատարմագրված բոլոր դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, սակայն ներկա էին միայն Իրանի, Եգիպտոսի, Թուրքիայի եւ Ուկրաինայի պատվիրակները: Աշխարհը, հավանաբար, պատրաստ չէ միացյալ ճակատ կազմելու անջատողականության դեմ», - հայտարարել է Ահմեդովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG