Մատչելիության հղումներ

Այսօր առավոտյան Երեւանի Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի կառավարության շենքից ոչ հեռու, ինքնահրկիզվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի 44-ամյա բնակիչ Ջիվան Հակոբյանը:

Հակոբյանը իր վրա բենզին է լցրել եւ այրել: Մինչ օգնության տեղ հասնելը նա, բժիշկների վկայությամբ, խորը՝ 80-տոկոսանոց այրվածքներ է ստացել:

Ջիվան Հակոբյանը տեղափոխվել է առողջապահության նախարարության վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների եւ ճառագայթաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Հակոբյանի վիճակը բժիշկները բնորոշում են որպես «ծայրահեղ ծանր, կյանքի հետ անհամատեղելի»: Անզգայացնող դեղերի ներարկումից հետո նա անգիտակից վիճակում է:

Կատարվածի պատճառները ճշտվում են: Ըստ որոշ ականատեսների, Հակոբյանը ինքնահրկիզվելուց առաջ հակաիշխանական բովանդակությամբ հայտարարություններ է արել:

Կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժնից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ այսօր Ջիվան Հակոբյանը կառավարությանը որեւէ դիմում կամ բողոք չի ներկայացրել, եւ խոստացան պարզել՝ արդյոք նա երբեւէ ներկայացրե՞լ է նման դիմում:

Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Հակոբյանը 4 երեխաների հայր է, գյուղում ունի սեփականություն, հողատարածք: Նա երկար ժամանակ Հայաստանում չի եղել՝ արտագնա աշխատանքով է զբաղվել Ռուսաստանում, որտեղից վերջերս է վերադարձել:

Գյուղապետին հայտնի չէ որեւէ պատճառ, որը կարող էր Ջիվան Հակոբյանին նման քայլի դրդել: Նա վստահեցրեց, որ Հակոբյանը երբեւէ գյուղապետարան չի դիմել որեւէ բողոքով:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG