Մատչելիության հղումներ

«Վրաստանը թեւակոխում է Եվրամիության հետ հարաբերությունների նոր փուլ, որը կապահովի ավելի ազատ վիզային ռեժիմ, ավելի ազատ առեւտրի պայմաններ», - հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ երեկ Բրյուսելում հանդիպելով Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ:

Սահակաշվիլին վստահեցրել է, որ «ամեն ինչ կարվի, որպեսզի Վրաստանը, որը, անշուշտ, եվրոպական երկիր է, եվրոպական դառնա նաեւ քաղաքական առումով»:

Խավիեր Սոլանային հարց են ուղղել ՆԱՏ0-ին անդամակցելու Վրաստանի մտադրության մասին: ՆԱՏ0-ի նախկին գլխավոր քարտուղարը, նշելով, որ այս հարցին հարկ է անդրադառնալ Սահակաշվիլիի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հանդիպման ժամանակ, այնուհանդերձ, ասել է, թե «Վրաստանը եվրոպական երկիր է, իսկ Եվրոպա աշխարհամասի անվտանգությունը չափազանց կարեւոր է Եվրամիության համար»:

Բրյուսելում նախատեսված են Սահակաշվիլիի հանդիպումները նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղար 3աապ դե Հոոպ Սխեֆերի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Ամենակարեւոր հանդիպումներից մեկը կկայանա այսօր՝ Սահակաշվիլին հանդիպելու է Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Անդրիս Պիեբալսի հետ: Բրյուսելում նշում են, որ Բուլղարիայի եւ Ռումինիայի անդամակցությամբ Եվրամիության համար Սեւծովյան տարածաշրջանն է'լ ավելի մեծ կարեւորություն է ստացել, եւ Վրաստանը՝ որպես սեւծովյան երկիր, որը մասնակցում է կասպյան գազի ու նավթի փոխադրման ծրագրերին, ի զորու է նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը:

Միխեիլ Սահակաշվիլիի բրյուսելյան այցը կավարտվի վաղը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG