Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Լեհաստանի արտգործնախարարությունները կհամագործակցեն եվրոպական ինտեգրման հարցերում


Լեհաստանի արտաքին գործերի նախարար Աննա Ֆոտիգան, ով տարածաշրջանային այցի շրջանակներում գտնվում է Երեւանում, եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր ստորագրել են հուշագիր երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ 2007-2008 թվականներին եվրոպական ինտեգրման հարցերում համագործակցության մասին:

«Լեհաստանը այդ ճանապարհը անցել է, բավական լավ փորձ է կուտակել: Կարծում եմ, որ մենք կարող ենք այդ փորձից օգտվել: Ես համոզված եմ, որ հուշագիրը, որ այսօր մենք ստորագրեցինք, իսկապես նպաստելու է մեր համագործակցության խորացմանը հենց այդ ոլորտում», - Ֆոտիգայի հետ բանակցությունների ավարտին հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը:

Լեհաստանի արտգործնախարարը նշեց իր երկրի պատրաստակամությունը` հնարավորին չափ աջակցել Հայաստանին Եվրամիության գործողությունների ծրագրի շրջանակում համագործակցության ոլորտների ընտրության եւ հետագա իրագործման հարցում:

Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, էներգետիկ անվտանգության խնդիրներ, անմիջական հարեւան պետությունների հետ հարաբերությունները, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Ֆոտիգան գոհունակություն հայտնեց, որ այսօր Իրաքում հայ խաղաղարարներն իրենց առաքելությունն իրականացնում են Լեհաստանի զորախմբի կազմում:

Միջազգային գործակալությունների տարածած հաղորդագրությունների համաձայն, Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին հայտարարել է, որ մինչեւ այս տարվա դեկտեմբեր Իրաքից դուրս են բերելու լեհական զորախումբը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե նման պարագայում ի՞նչ ճակատագիր է սպասվում հայ խաղաղարարներին, Աննա Ֆոտինգան պատասխանեց, որ այդպիսի հարցերի վերաբերյալ որոշումը կայացնում է հանրապետության նախագահը:

«Իհարկե, կառավարությունը հրապարակային առաջարկ արել է զորախումբը Իրաքից դուրս բերելու մասին, որոշում, սակայն, դեռեւս չի կայացվել», - հավելեց նա: - «Այդուամենյանիվ, Լեհաստանը ցանկանում է Իրաքում կայունություն հաստատելու հարցում կառուցողական դեր կատարել, ուստի այս հարցում մենք միշտ բանակցում ենք մեր գործընկերների հետ, եւ մեր քայլերն առաջին հերթին ուղղված են լինելու Իրաքի անվտանգության ապահովմանը»:

Հայաստանի արտգործնախարարը այս կապակցությամբ ասաց. - «Եթե որոշում լինի, մեզ, իհարկե, տեղյակ կպահեն, բայց այս պահի դրությամբ այդպիսի խնդիր, կարծեք թե, չկա»:

Լեհաստանի արտգործնախարարը այսօր հանդիպումներ է ունեցել նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Ծրագրված է նաեւ Աննա Ֆոտիգայի հանդիպումը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ի դեպ, Վարդան Օսկանյանն այսօր, լրագրողների հարցին ի պատասխան, ասաց, որ մարտի կեսերին հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը եվրոպական մայրաքաղաքներից մեկում: Առայժմ սակայն հստակեցված չեն ոչ ժամկետները եւ ոչ էլ հանդիպման կոնկրետ վայրը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG