Մատչելիության հղումներ

Սերբիան «անմիջականորեն պատասխանատու չէ» ցեղասպանության համար


Սերբիան «անմիջականորեն պատասխանատու չէ» Բոսնիա եւ Հերցեգովինայում 1992-1995 թվականների պատերազմի ընթացքում գործադրված ցեղասպանության համար: Նման որոշում է կայացրել այսօր Հաագայում Արդարադատության միջազգային դատարանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Սերբիայի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեին ցեղասպանությունը կասեցնելու ուղղությամբ:

Արդարադատության միջազգային դատարանը, որը ՄԱԿ-ի գերագույն դատական ատյանն է եւ քննում է բացառապես երկրների միջեւ ծագած վեճերը, վերոհիշյալ վճիռը կայացրել է նախկին Հարավսլավիայի դեմ Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացրած հայցի քննարկման արդյունքում:

Բոսնիա եւ Հերցեգովինան Հարավսլավիային մեղադրում էր ցեղասպանության մեջ՝ պահանջելով փոխհատուցում:

Դատարանը ավելի վաղ հաստատել էր, որ ներկայիս Սերբիան տրոհված Հարավսլավիայի միակ իրավահաջորդն է, ինչպես նաեւ վճռել էր, որ 1995 թվականին Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների ջարդը ցեղասպանության ակտ էր:

Այդուհանդերձ, ըստ դատարանի, բոսնիացի սերբերը գործել են Բելգրադի կենտրոնական իշխանությունից անկախության որոշակի աստիճանի պայմաններում, բոսնիացի սերբերի բանակը եւ վարչակազմը այդ ժամանակ ամբողջությամբ Հարավսլավիայի կառավարության վերահսկողության տակ չէին եւ Բելգրադից անմիջականորեն ստացվող հրահանգներով չէին գործում:

1995 թվականի հուլիսին բոսնիացի սերբերը կոտորել են ավելի քան 7 հազար մահմեդականների:

DPA գործակալությունը ընդգծում է նաեւ, որ Արդարադատության միջազգային դատարանը առաջին անգամ է նման բնույթի գործ քննում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG