Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած` երկքաղաքացիություն սահմանող օրինագծերի փաթեթը:

66 կողմ ձայները ապահովեցին հիմնականում Դաշնակցություն եւ ՀՀԿ խմբակցությունների պատգամավորները: Իշխող կոալիցիայի երրորդ ուժը` ՄԱԿ (Միավորված աշխատանքային կուսակցություն) խմբակցությունը դեմ քվեարկեց: Կառավարությունը չէր ընդունել ՄԱԿ-ի այն առաջարկը, որը երկքաղաքացիների համար սահմանափակում էր նախատեսում կառավարության ղեկավարի եւ նախարարի պաշտոնում նշանակվելու համար:

Քվեարկության չմասնակցեցին ընդդիմադիր «Արդարություն», «Օրինաց երկիր» խմբակցություններից ներկա պատգամավորները, անկախ պատգամավորներից ոմանք եւ ՀՀԿ խմբակցության որոշ անդամներ: «Ազգային միաբանություն» խմբակցության անդամները չմասնակցեցին քվեարկությանը:

Ինչպես քվեարկությունից առաջ հայտարարեց Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը, ՀՀԿ-ի եւ կառավարության միջեւ կայացել է քաղաքական համաձայնություն, եւ Հանրապետականն այլեւս տարաձայնություններ չունի իր առաջարկի շուրջ: Առաջարկը վերաբերում էր երկքաղաքացիների ընտրելու իրավունքին. ՀՀԿ-ի կարծիքով, նրանք ընտրություններին կարող էին մասնակցել միայն այն դեպքում, եթե ընտրությանը նախորդած 5 տարիներից առնվազն մեկը ապրել են Հայաստանում եւ հարկեր են վճարել:

Հաստատված օրենսդրական փաթեթում ամրագրվել է, որ երկքաղաքացիները ընտրություններին մասնակցելու համար պետք է Հայաստանում հաշվառված լինեն:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG