Մատչելիության հղումներ

Հոլանդական ոստիկանությունը մերժել է Խոջալուի դեպքերին նվիրված գիտաժողովն արգելելու հայերի պահանջը


Նիդերլանդների ոստիկանությունը մերժել է Հաագայում Խոջալուի դեպքերի 15-ամյակին նվիրված գիտաժողովի անցկացումը թույլ չտալու՝ տեղի հայ համայնքի պահանջը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, գիտաժողովի անցկացման նախաձեռնությամբ հանդես են եկել Իգդիրի քաղաքապետարանը եւ Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը:

Իգդիրի քաղաքապետ Նուրեդդին Արասը տեղեկացրել է, որ հայերը պաշտոնական դիմում են հղել Հոլանդիայի ներքին գործերի նախարարությանը՝ պահանջելով թույլ չտալ գիտաժողովի անցկացումը, սակայն նախարարությունը եւ Հաագայի քաղաքային իշխանությունը, «անհիմն» համարելով հայերի փաստարկները, չեղյալ չեն հայտարարել գիտաժողովի անցկացման թույլտվությունը:

Այսօր ադրբեջանցիները նշում են Խոջալուի դեպքերի 15-րդ տարելիցը, որի կապակցությամբ միջոցառումներ են նախատեսել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաեւ «Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներ», այսօր Բաքվում ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Խոջալուի «ցեղասպանության» զոհերի հուշարձանին:

Հայկական կողմը կտրականապես հերքում է Խոջալուում ադրբեջանցիների նկատմամբ գործադրված «ցեղասպանության» մասին ադրբեջանական կողմի պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG