Մատչելիության հղումներ

logo-print

ՆԱՏՕ-ն Թուրքիային խնդրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում բացել իր օդային տարածքը


ՆԱՏՕ-ն Թուրքիային է դիմել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում իր օդային տարածքը բացելու խնդրանքով: Ինչպես այսօր հաղորդել է CNN - Turk հեռուստաալիքը, խոսքը նաեւ այն մասին է, որպեսզի Թուրքիան բացի Իրանի հետ ցամաքային սահմանը:

Աղբյուրը չի հայտնել՝ արդյոք Թուրքիան համաձայնություն տվե՞լ է Հյուսիսատլանտյան դաշինքի դիմումին, որի անդամն է 50 տարուց ավելի:

Միաժամանակ, ինչպես ընդգծում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, դրական պատասխանի հավանականությունը փոքր է, քանի որ վերջին ժամանակներս Թուրքիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը, մասնավորապես, հայտարարել է, թե պաշտոնական Թեհրանի հետ հարաբերությունները լավ են, եւ պաշտոնական Անկարան «այլեւս չի զգուշանում իսլամական հեղափոխության արտահանումից»:

2003 թվականին Թուրքիայի ներկայիս կառավարությունը հրաժարվեց մասնակցել Իրաքի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին:

Քաղաքական մեկնաբանները գտնում են, որ այս անգամ էլ Անկարան չի սատարի Վաշինգտոնին, եթե Միացյալ Նահանգները որոշում ընդունի հարված հասցնել Իրանին՝ վերջինի ռազմավարական օբյեկտները, այդ թվում՝ միջուկային, ոչնչացնելու նպատակով:

«Նյու Յորքեր» հանդեսի վերջին համարի հրապարակման համաձայն, չնայած Ջորջ Բուշի վարչակազմի հավաստիացումներին, թե ԱՄՆ-ը չի պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, Պենտագոնը արդեն իսկ մշակել է Իրանի մի շարք օբյեկտների ավիահարվածներ հասցնելու ծրագիր:

Հոդվածագիր Սեյմուր Հերշը, որը մի շարք աղմկոտ լրագրողական հետաքննությունների հեղինակ է, պնդում է, թե այդ ծրագիրը «կարող է գործողության մեջ դրվել նախագահ Բուշի՝ համապատասխան կարգադրությունից 24 ժամ անց»:

Իրանի դեմ ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը չի բացառել նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին:

Ավստրալիայում այդ երկրի վարչապետի հետ հանդիպումից հետո Չեյնին, նշելով, որ ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները բոլոր ջանքերը գործադրում են՝ համոզելու համար Իրանին դադարեցնել բոլոր միջուկային ծրագրերը, հավելել է. - «Սակայն ես եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը արդեն պարզորոշ հասկացրել ենք, որ մենք դիտարկում ենք գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները»:

Չեյնիի խոսքերով, Իրանի նկատմամբ հաջորդ քայլը «քննարկման փուլում է»:

«Մենք կարծում ենք, որ լուրջ սխալ կլիներ Իրանի պես պետությանը միջուկային տերություն դառնալու հնարավորություն ընձեռելը», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահը:

Բրիտանական «Սանդի Թայմս» պարբերականը, իր հերթին, վկայակոչելով «զինվորական եւ հետախուզական շրջանակները», գրել է, թե Պենտագոնի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ սպառնացել են հրաժարական տալ, եթե Բուշը Իրանի վրա հարձակվելու հրաման տա:

Ըստ բրիտանական պարբերականի, Պարսից ծոցում լարվածության շարունակվող աճը գնալով ավելի է մեծացնում մտահոգությունները, որ Ջորջ Բուշը Իրանի դեմ ռազմական գործողություն կնախաձեռնի մինչեւ իր լիազորությունների ավարտը:

Սակայն, ինչպես գրում է «Սանդի Թայմս»-ը, Պենտագոնում գիտակցում են, որ ԱՄՆ-ը չունի Իրանի հետ միանշանակ «հաշիվ մաքրելու» համար անհրաժեշտ ռազմական հզորությունը, եւ արդյունքում՝ հինգ գեներալ եւ մեկ ծովակալ պատրաստ են ավելի շուտ հրաժարական տալ, քան զորքերին Իրանի վրա հարձակվելու հրաման տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG