Մատչելիության հղումներ

Աշխարհում ամեն օր սովից 18 հազար երեխա է մահանում


Երկրագնդի վրա ամեն օր սովից եւ թերսնումից 18 հազար երեխա է մահանում, 850 հազար մարդ կիսաքաղց գոյություն է պահպանում: Այդ մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Ջեյմս Մորիսը:

Մորիսի խոսքերով, չնայած վերջին տարիներին աշխարհում սովյալների թվի համամասնությունը ամբողջ մարդկության մեկ հինգերորդից նվազել է մինչեւ մեկ վեցերորդը, այնուհանդերձ, սովյալների բացարձակ թիվը երկրագնդի բնակչության թվի աճի հետ շարունակում է աճել տարեկան 5 միլիոնով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, Հռոմում՝ Պարենի համաշխարհային ծրագրի կենտրոնակայանում տարածված հաղորդագրությունում Մորիսի հայտարարությունից նաեւ հետեւյալ մեջբերումն է արված. - «850 միլիոն կիսաքաղց մարդկանց կեսը երեխաներ են: Սովյալ երեխաների ամենամեծ թիվը Հնդկաստանում է՝ 100 միլիոնից ավելի, եւ Չինաստանում՝ մոտ 40 միլիոն: Եվս 100 միլիոնը Ասիայի եւ Աֆրիկայի մի շարք այլ երկրներում են, շուրջ 30 միլիոնը՝ Լատինական Ամերիկայում»:

«Ժամանակն է, որպեսզի 21-րդ դարի համար ամոթալի այս հիմնախնդիրը, ի վերջո, լուծվի», - ընդգծել է Ջեյմս Մորիսը իր հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG