Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրվանից սկսվում է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման գործընթացը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով քվեարկության օրվանից ոչ շուտ քան 75 եւ ոչ ուշ քան 70 օր առաջ, այսինքն՝ այսօրվանից մինչեւ մարտի 3-ի ժամը 18:00-ը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրվող պատգամավորության թեկնածուները նույն ժամանակահատվածում դիմում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Թեկնածությունը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չհամապատասխանեն օրենսդրությանը: Սակայն, ինչպես ընդգծեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարը, փոփոխված Ընտրական օրենսգիրքը ենթադրում է նաեւ հետեւյալը. - «Եթե անցյալում թեկնածուները կամ կուսակցություններն ու դաշինքները, որոնք ներկայացնում էին օրենսդրությանը չհամապատասխանող փաստաթղթեր, միանգամից մերժվում էին, ապա այժմ նրանց հնարավորություն կընձեռվի տվյալ 5 օրվա ընթացքում շտկելու այն բացերը եւ թերությունները, որ կնկատվեն»:

Ծովինար Խաչատրյանը նաեւ քաղաքացիներին խնդրեց ընդառաջ չգնալ այս կամ այն թեկնածուի կամ կուսակցության օգտին ստորագրություն տալու հորդորներին. - «Եթե քաղաքացիներին դիմում են նման պահանջով, որպեսզի հետագայում լրացնեն պաշտոնաթերթիկ եւ հանձնեն համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, նշեմ, որ այս կետը արդեն դուրս է եկել»:

Համամասնական ընտրակարգով կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը կատարվելու է ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 7-ը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG