Մատչելիության հղումներ

Իրանը նոր մարտահրավեր է նետում Արեւմուտքին


Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 երկրների ու Գերմանիայի ներկայացուցիչները Լոնդոնում սկսելու են մշակել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող բանաձեւի նախագիծ, քանի որ այդ երկիրը չի ենթարկվել Անվտանգության խորհրդի պահանջին եւ մինչեւ փետրվարի 21-ը չի դադարեցրել ուրանի հարստացման աշխատանքները:

Կիրակի օրը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը վերստին հայտարարել է, թե Իրանը, չնայած Արեւմուտքի ճնշումներին, ոչ մի դեպքում չի հրաժարվի միջուկային ծրագրից:

«Իրանն ունի միջուկային վառելիք արտադրելու տեխնոլոգիա», - ասել է Իրանի նախագահը: - «Այս ծրագիրը նման է գնացքի, որը չունի արգելակներ եւ այլեւս չի կարող հակառակ ուղղությամբ շարժվել»:

«Նրանց պետք չէ հակառակ ուղղությամբ շարժվել, միակ բանը, որ պետք է՝ սեղմել կոճակն ու կանգ առնել», - «Ֆոքս» հեռուստակայանին երեկ երեկոյան տված հարցազրույցում արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մանուչեհր Մոհամադին, իր հերթին, ասել է, թե «Իրանը պատրաստ է դեպքերի զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի»:

Երեկ Իրանի լրատվական գործակալությունները հաղորդել են, որ իրանցի մասնագետները տիեզերք են արձակել մի հրթիռ, որը հասել է 150 կիլոմետր բարձրության, ապա պարաշյուտով իջել երկիր: Թե կոնկրետ ե՞րբ են արձակել հրթիռը՝ շաբա՞թ օրը, թե՞ կիրակի՝ «ՖԱՐՍ» գործակալությունը չի հայտնել:

Անցած շաբաթավերջին Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Նաջարը «Եթեմադ Է Մելի» օրաթերթին հայտնել է, որ Իրանը մտադիր է ստեղծել արբանյակներ եւ դրանք տիեզերք արձակելու կայան: «Սինա» անունով առաջին իրանական արբանյակը իրանցիները տիեզերք են արձակելու ռուսաստանցի մասնագետները օգնությամբ: «Այդպիսով Իրանը կդառնա «տիեզերական ակումբի» անդամ», - ասել է պաշտպանության նախարարը:

Արեւմտյան երկրներում ենթադրում են, որ Իրանը մտադիր է միջուկային ռումբ ստեղծել: Արեւմուտքի կարծիքով, հզոր հրթիռներ ունենալու դեպքում Իրանը է'լ ավելի վտանգավոր կլինի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG