Մատչելիության հղումներ

Պայմանագիր է կնքվել «ՀՄՀ - Հայաստան»-ի եւ Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ-ի միջեւ


Հայաստանի կառավարությունում այսօր «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ի (ՀՄՀ - Հայաստան) «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ» (ՋՏԶ ԾԻԳ) պետական հիմնարկի միջեւ 2 մլն 860 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով պայմանագիր է կնքվել՝ 5 տարի ժամկետով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պայմանագրի կնքման արարողությանը մասնակցել է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:

Պայմանագրի համաձայն, «ՀՄՀ - Հայաստան»-ը «ՋՏԶ ԾԻԳ»-ի միջոցով նախատեսում է իրականացնել «ՀՄՀ - Հայաստան» ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածքներ» բաղադրիչը, ինչպես նաեւ «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի «Կառուցվածքային ամրապնդում» ենթաբաղադրիչը:

ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» եւ Հայաստանի կառավարության միջեւ 2006 թվականի մարտի 27-ին ստորագրված համաձայնագրի հիմնական նպատակն է Հայաստանում գյուղական աղքատության կրճատումը: Հայաստանի կառավարությունը նախատեսում է դա իրագործել գյուղական ճանապարհներում, ոռոգման ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումներ կատարելու, ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, ֆերմերներին եւ ագրոբիզնեսին աջակցելու հնգամյա ծրագրի միջոցով:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում 5 տարվա ընթացքում Հայաստանին է տրամադրվելու շուրջ 236 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG