Մատչելիության հղումներ

Հարավկորեացի գործարարը դատապարտվել է «Նավթ սննդամթերքի դիմաց» ծրագրում Իրաքի օգտին աշխատելու համար


Հարավկորեացի գործարար Թոնգսուն Փարքը, որի դեմ հարուցված էր ՄԱԿ-ի «Նավթ սննդամթերքի դիմաց» ծրագրում Իրաքի օգտին աշխատելու եւ 2 միլիոն դոլարի կաշառք վերցնելու մեղադրանք, ԱՄՆ -ում դատապարտվեց 5 տարվա ազատազրկման։

Առողջական վատ վիճակում գտնվող 71-ամյա Փարքի նկատմամբ իր իսկ կայացրած որոշումը դատախազն անվանեց «շատ խիստ»՝ միաժամանակ շեշտելով այդ վճռի «պատշաճ» լինելու հանգամանքը։

Ըստ դաշնային դատախազների մեղադրանքների, Փարքը եղել է այն հանցավոր խմբի անդամներից մեկը, որոնց գործունեության շնորհիվ մարդասիրական այս ծրագիրը գործել է ի շահ կառավարության պաշտոնյաների, նավթի բնագավառի մեծահարուստների ու Սադամ Հուսեյնի։

Դատախազներն ասում են, թե Փարքը շահագործել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալիի հետ իր լավ հարաբերությունները՝ Իրաքում հեղինակություն ձեռք բերելու եւ այս երկրի դեմ պատժամիջոցները դադարեցնելու դեպքում 45 միլիոն դոլարի շահ ստանալու համար։ Նրանց խոսքերով, կան վկայություններ, որ Իրաքի կառավարությունից ստացված գումարների մի մասը «օգտագործվել է Բուտրոս Ղալիի օգտին», եւ որ Փարքը 1993 թվականին գաղտնի գործարքների համար հանդիպումներ է ունեցել Բուտրոս Ղալիի հետ։

2005 թվականին անկախ հանձնախմբի հրապարակած հաշվետվության համաձայն, Իրաքն ունեցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին կաշառելու ծրագրեր, սակայն չկան փաստեր այն մասին, որ նա տեղյակ է եղել կամ ստացել կաշառք։

1996-ից մինչեւ 2003 թվականը ՄԱԿ-ի «Նավթ սննդամթերքի համար» ծրագիրը առաքելություն ուներ Իրաքի դեմ պատժամիջոցների տարիներին այս երկրին թույլ տալ արտաքին շուկայում վաճառել նավթ՝ միայն սննդամթերք ու դեղամիջոցներ գնելու համար։

Իշխանությունները պնդում են, թե այս ծրագիրն աղճատվեց, երբ Իրաքի նավթի գնորդներին եւ սննդամթերք վաճառող ընկերություններին ընտրելու իրավունքը տրվեց Սադամ Հուսեյնին։

ՄԱԿ-ի «Նավթ սննդամթերքի համար» ծրագրի նախկին ղեկավար, կիպրոսահայ Բենոն Սեւանը մեղադրվել է 160 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ: Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ի իշխանությունները Կիպրոսից պահանջել են արդարադատությանը հանձնել Բենոն Սեւանին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG