Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ խափանման միջոցը


Վերաքննիչ դատարանը այսօր անփոփոխ թողեց «Հայ կամավորականների համախմբում» շարժման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի սահմանած խափանման միջոցը` կալանքը:

«Հայ կամավորականների համախմբման» ղեկավար անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը ձերբակալվել են անցած դեկտեմբերի 10-ին` Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով:

Սեֆիլյանի փաստաբանները Վերաքննիչ դատարանում փորձում էին ապացուցել, որ փետրվարի 7-ին իրենց պաշտպանյալի նկատմամբ եւս երկու ամսով երկարաձգված խափանման միջոցը (կալանքը) ամենեւին չի բխում նախաքննության շահերից, եւ Սեֆիլյանը կարող է նախաքննությանը մասնակցել նաեւ ազատության մեջ:

Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող Սեֆիլյանը, նրա փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքերով, մինչեւ այժմ որեւէ ցուցմունք չի տվել:

Վերջին անգամ կալանքը` որպես խափանման միջոց, երկարաձգելու պահանջը, ըստ Սեֆիլյանի կողմնակիցների, Ազգային անվտանգության ծառայությունը հիմնավորել է նրանով, թե Սեֆիլյանը կարողացել է մի նամակ ուղարկել իր նկատմամբ հարուցված քրեական գործով կասկածյալ Վանիկ Արոյանին` այսպիսի նախադասությամբ. «Վանո, պինդ կաց»: Այս տողով, ԱԱԾ-ի քննիչների կարծիքով, ճնշում է գործադրվել Արոյանի նկատմամբ, որ նա ցուցմունքներ չտա, եւ եթե Սեֆիլյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվի` նա վտանգավոր կդառնա եւ կխոչընդոտի գործի քննությանը:

«Այդպիսի չակերտավոր «հիմքեր» են հայտնաբերել, բայց իրականության մեջ դա զավեշտ է: Պարապ գործով են զբաղվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սեֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը:

«Դատարանը չի եղել անաչառ, դատարանը եղել է ծայրահեղ կողմնակալ: Ոչ մի հիմք չկա Ժիրայրին կալանքի տակ պահելու, առավել եւս՝ 301-րդ հոդվածով չկա հիմնավոր կասկած, որ նրա կոչերում առհասարակ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կոչեր կան», - համոզված է փաստաբանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG