Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթը «Հանդիպել են» վերնագրի ներքո գրում է. -«Երեկ ընդդիմադիր մի շարք լիդերներ հանդիպել են խիստ կոնֆիդենցիալ պայմաններում: Հանդիպմանը մասնակցել են Ստեփան Դեմիճյանը, Արամ Զ. Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանը»: Թերթի տեղեկություններով, խոսք է գնացել ընդդիմադիր ֆորմատի սահմանների մեծացման մասին, եւ առաջարկներ են հնչել ընտրություններին գնալ ընդդիմադիր մեկ միասնական ցուցակով: «Որեւէ որոշում առայժմ չի կայացվել, հարցի լուծման հավանականությունը մեծ չէ, քանի որ բոլորը սպասում են Ստեփան Դեմիրճյանի խոսքին, իսկ նա առայժմ ձեռնպահ է մնում վճիռ կայացնել: Հասկանալի է, որ այս պատմության մեջ դարձյալ տուժողը ՀԺԿ-ն է լինելու», - ամփոփում է «Առավոտ»-ը:

«Դեպի «իմպիչմենտ» վերնագրված խմբագրականում «Հայկական Ժամանակ»-ը ներկայացնում է առաջարկ, ըստ որի՝ ընդդիմությունը կազմում է մեկ միասնական համամասնական ցուցակ, եւ միավորումը տեղի է ունենում մեկ հարցի` իմպիչմենտի շուրջ: «Իմպիչմենտը նախագահի պաշտոնազրկումն է, այսինքն՝ եթե ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների է գնում իմպիչմենտի կարգախոսով, իր առաջնային առաքելություն է հռչակում Ռոբերտ Քոչարյանին պաշտոնազրկելը: Ընդդիմադիր այս դաշինքը, բնականաբար, պետք է կոչվի հենց «Իմպիչմենտ», անուն, որ պիտի գրվի քվեաթերթիկում», - առաջարկում է թերթը՝ պարզաբանելով. - «Այսինքն, ընտրողը, ընդդիմության օգտին քվեարկելով` միեւնույն ժամանակ քվեարկում է իմպիչմենտի օգտին, իմպիչմենտի օգտին քվեարկելով` քվեարկում է ընդդիմության օգտին»:

«Հայոց Աշխարհ» թերթը հակադարձում է՝ փոխանցելով Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի կարծիքը. - «Նախագահի իմպիչմենտի կարգախոսի ներքո «այլընտրանքայինների» պայքարը «ավելի շուտ ներընդդիմադիր, քան իշխանություն - ընդդիմություն հարթության վրա է ծավալվելու»: Ավելին, Աշոտյանը համոզված է, որ «ճնշող մեծամասնությամբ պահպանողական մեր հասարակությունը հագուրդ չի տա այդ կարգախոսով հանդես եկողների քաղաքական ախորժակներին»:

Այսօր «Իրավունք» թերթը լույս է տեսել նոր գլխավոր խմբագրով: «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը այսպես է դիմել ընթերցողներին. - «Հրաժարվելով թերթի ինքնակոչ ղեկավարության վերջերս ներդրած հայհոյախառն, վիրավորական ու զրպարտչական ոճից՝ մեզ դժվար կլինի բավարարել «Իրավունք»֊-ի այն ընթերցողի պահանջարկը, ում, թեկուզ օբյեկտիվորեն, կյանքն այնքան է դառնացրել, որ նա լուսավոր կետ չտեսնելով, գերադասում է անեծքն ու հայհոյանքը: Սակայն «Իրավունք»֊ը դրանով չէ, որ վայելել էր իր ընթերցողի համակրանքն ու վստահությունը: Բարի երթ մաղթելով նորանշանակ գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանին ու խմբագրակազմին՝ Քեզ եմ վերադարձնում Քո «Իրավունք»֊-ը»:

«Հայք»-֊ը պնդում է. - «Օրերս Քոչարյանը գաղտնի պայմաններում հանդիպել է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ եւ նրանց հետ քննարկել ստեղծված բարդ իրավիճակը: Քոչարյանը Ծառուկյանին հորդորել է կուսակցության շարքերն այլեւս չստվարացնել հանրապետականների հաշվին: Ավելին, նա Սարգսյանին ու Ծառուկյանին առաջարկել է, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատգամավոր դառնալ, կուսակցությունների հաշվեհամարներին պիտի փոխանցեն նույնաչափ գումար: Այլ կերպ ասած, պատգամավորացուները գումարներ խնայելու եւ մի բան «հետ գցելու» համար այլեւս չեն կարող պատսպարվել «Բարգավաճ Հայաստան»֊-ի տանիքի տակ: Քոչարյանի հրահանգը, մեղմ ասած, վշտացրել է Ծառուկյանին, սակայն նրան ոչինչ չի մնում, քան ենթարկվել նոր հրահանգին: Ավելին, Ծառուկյանին մտահոգում է նաեւ, որ Քոչարյանն առաջարկել է իրեն կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկել մի շարք հայտնի գործարարների»:

«Հայկական ժամանակ»-ը շարադրում է. - «ԱԺՄ֊-ի նախագահ Վազգեն Մանուկյանի եւ ՀԺԿ-֊ի նախագահ Ստեփան Դեմիրճյանի արձագանքը իմպիչմենտի համամասնական ցուցակ կազմելու նախաձեռնությանը, մեղմ ասած, անհասկանալի է: Ինչո՞ւմ է կայանում իմպիչմենտի նախաձեռնության իմաստը: Ըստ առաջարկի, ընդդիմությունը կազմում է մեկ միասնական համամասնական ցուցակ, եւ միավորումը տեղի է ունենում մեկ հարցի` իմպիչմենտի շուրջ: Իմպիչմենտը նախագահի պաշտոնազրկումն է, այսինքն` եթե ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների է գնում իմպիչմենտի կարգախոսով, իր առաջնային առաքելություն է հռչակում Ռոբերտ Քոչարյանին պաշտոնազրկելը: Ընդդիմադիր այս դաշինքը, բնականաբար, պետք է կոչվի հենց «Իմպիչմենտ», անուն, որ պիտի գրվի քվեաթերթիկում: Այսինքն, ընտրողը, ընդդիմության օգտին քվեարկելով, միեւնույն ժամանակ քվեարկում է իմպիչմենտի օգտին, իմպիչմենտի օգտին քվեարկելով` քվեարկում է ընդդիմության օգտին»:

«Ժամանակ Երեւան»-ը գրում է. - «Երկքաղաքացիության ընդունումը սպառնում է ուղղակի երկփեղկել Հայաստանը: Արդյունքում ստացվելու է այնպես, որ Հայաստանի բնակչության հայաստանցի մասն ապրելու, աշխատելու, ստեղծագործելու ու մտածելու է մի արժեհամակարգում, իսկ Հայաստանի քաղաքացիների մյուս մասն ապրելու, աշխատելու, ստեղծագործելու եւ մտածելու է բոլորովին այլ արժեհամակարգով: Այնպես որ, շատ հնարավոր է, որ երկքաղաքացիության իրավունքը ոչ թե միավորի, այլ ավելի հեռացնի մեր ազգի երկու հատվածներին: Մոտավորապես այնպես, ինչպես տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալուց հետո, երբ նախագահի պաշտոնը զբաղեցնողի դեմ բացասական վերաբերմունքը տարծվեց բոլոր ղարաբաղցիների նկատմամբ»:

«Առավոտ»֊ի խմբագիրը գրում է. - «Պատկերացնում եք, չէ՞, թե ինչպիսի պատգամավոր է լինելու Սեյրան Սարոյանը: Որ նա ղարաբաղյան պատերազմի հերոս է՝ դա անվիճելի է, եւ փառք ու պատիվ նրան: Բայց պատգամավորի մանդատը «Արիության համար» շքանշան չէ, պատգամավոր լինելը լուրջ մտավոր աշխատանք է, որից գեներալ Սեյրանը նույնքան հեռու է, որքան նրա հարազատ գյուղը Կապիտոլիի բլուրից: Տեղական եւ հանրապետական նշանակության օլիգարխների (այդ թվում՝ Սեյրանի) համար ԱԺ պատգամավոր դառնալը, բացի տնտեսական գործունեության համար «տանիք» լինելուց, նաեւ պերճանքի առարկա է՝ «Համմերի», դղյակի կամ, ասենք, մարմնավաճառուհիների հետ սաունա գնալու նման»:

Եվ վերջապես «Իրավունք»-֊ի «Փանջունու անկյուն»-ը ազդարարում է. - «Կրթության նախարարությունը հայտնում է, որ Հանրապետական կուսակցության առաջին հինգ տեղերը պետպատվերի շրջանակներում են, իսկ մնացածների անցողիկ բալը 500 հազար դոլար է»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG