Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում հինգշաբթի օրը շարունակվեցին երկքաղաքացիության ինստիտուտն ամրագրող օրենսդրական փաթեթի` երկրորդ ընթերցմամբ քննարկումները: Քվեարկությունը, սակայն, հետաձգվեց. այն կկայանա երկուշաբթի օրը` խորհրդարանի հերթական քառօրյայի առաջին նիստում:

Կոալիցիայի ներսում այս հարցով տարաձայնությունները չեն հարթվում: Առաջին ընթերցման ժամանակ փաթեթին դեմ քվեարկած ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, մասնավորապես, ներկայացնելով խմբակցության կարծիքը, նշեց, որ «Հայաստանի ժողովրդի եւ ՀՀ քաղաքացիների իրավունքներն իրենք համարում են առաջնային եւ շարունակում են պնդել այդ առաջնայնությունը»` սկզբունքային համարելով, որպեսզի երկքաղաքացիներին հնարավորություն չտրվի զբաղեցնել վարչապետի, կառավարության անդամի պաշտոններ:

«Գտնում ենք, որ դա նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասնակի կորուստ է», - ասաց նա` հավելելով, որ եթե այդ մոտեցումները չընդունվեն, ՄԱԿ-ը դեմ կքվեարկի փաթեթին:

ՀՀԿ-ն պնդեց արդեն հնչեցրածը` երկքաղաքացուն ընտրելու իրավունք տալ միայն այն դեպքում, եթե ընտրությանը նախորդած 5 տարիներից գոնե մեկը նա բնակվել է Հայաստանում եւ հարկեր է վճարել:

«Մարդը քվեարկում է` որոշելու համար իր ճակատագիրը: Մարդիկ, որոնց ճակատագիրը կապված է այլ երկրների ընթացքի հետ, ինչպե՞ս պիտի քվեարկեն ուրիշների ճակատագրի համար», - փաստարկեց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Օրինագծերի փաթեթի ջատագով Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը իր ելույթում ասաց. - «Երկու հիմնական խնդրով է հիշատակվելու այս Ազգային ժողովը` սահմանադրական փոփոխությունների հարցով եւ երկքաղաքացիության դրույթի ամրագրմամբ: Կհիշատակվի հայ ժողովրդի պատմության մեջ»:

Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ երկքաղաքացիներին չի կարելի ընտրելու իրավունք տալ:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը օրինագծերի փաթեթը Ազգային ժողով ներկայացրած կառավարության անունից խորհրդարանականներին կոչ արեց չբաժանել հայերին տեղացիների եւ երկքաղաքացիների. - «Խաղի կանոնները պետք է իսկապես լինեն նույնը»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG