Մատչելիության հղումներ

Հունգարիայի Վերաքննիչ դատարանը հինգշաբթի օրը անփոփոխ է թողել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը` ցմահ բանտարկություն` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի:

2006 թվականի ապրիլին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության էր դատապարտել 2004 թվականի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար:

Սաֆարովի փաստաբանները դիմել էին Վերաքննիչ ատյան` պահանջելով վերանայել առաջին ատյանի վճիռը եւ նրա նկատմամբ առավել մեղմ պատիժ սահմանել:

Սաֆարովի պաշտպանները Վերաքննիչ դատարանին ուղղված դիմումը փաստարկում էին հետեւյալ կերպ. նախ, ըստ նրանց, ադրբեջանցի սպան հանցագործության պահին «հետտրավմատիկ սթրեսի մեջ է եղել, չի հիշում, թե ինչ է կատարվել, ու ինչու է սպանել Գուրգեն Մարգարյանին»: Այստեղ տեղին է հիշեցնել, որ գործի քննության ընթացքում իրականացվել էր 4 դատահոգեբուժական փորձաքննություն, որոնցից դատարանը կամային սկբունքով ընտրել էր մեկը եւ Ռամիլ Սաֆարովին մեղսունակ ճանաչել:

«Ադրբեջանական կողմի երկրորդ փաստարկն այն էր, թե առաջին ատյանի դատարանը հիմնվել է Ռամիլ Սաֆարովի առաջին ցուցմունքների վրա, որոնք տրվել են ռուսերեն, իսկ Ռամիլ Սաֆարովը ռուսերեն չի հասկանում: Մինչդեռ դատարանում նշվեց, որ Սաֆարովն իր ձեռքով գրել է, թե տիրապետում է ռուսերենին եւ ամեն ինչ հասկացել է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը:

Հաշվի առնելով այս փաստարկները` Սաֆարովի փաստաբանը պահանջել է վերանայել ադրբեջանցի սպայի նկատմամբ կայացված` ցմահ բանտարկության դատավիճռը, որը Հունգարիայի օրենսդրությամբ նախատեսված ամենածանր պատիժն է:

«Սաֆարովի փաստաբանը նշեց, թե հունգարացիներին հասկանալի չէ, որ Ադրբեջանում հայի սպանությունը հանցագործություն չէ, եւ քանի որ մենք չգիտենք Ադրբեջանի մշակույթը, մենք չենք կարող ճիշտ գնահատական տալ», - դատարանից հեռախոսով փոխանցեց Նազելի Վարդանյանը:

Բողոքարկող կողմի այս պատճառաբանությունները, սակայն, չեն համոզել հունգարացի դատախազին, ով կրկին հայտարարել է, թե Ռամիլ Սաֆարովի դատավճիռը եղել է օրինական եւ օբյեկտիվ:

«Դատարանը երկու տարի անընդմեջ քննել է գործի բոլոր հանգամանքները եւ ադրբեջանցի սպայի արարքին տվել ճիշտ գնահատական», - ասել է հունգարացի դատախազը եւ պահանջել անփոփոխ թողնել Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության դատապարտող դատավճիռը:

Նույնը պահանջել է նաեւ հայկական կողմը:

«Մենք ասացինք, որ եթե դատավճիռը մեղմացվի, դա նախադեպ կդառնա ամբողջ աշխարհում եւ հնարավորություն կտա, որ ազգային պատկանելության հողի վրա հայեր սպանվեն», - ասաց Նազելի Վարդանյանը: - «Ասացինք նաեւ, որ որեւէ մշակույթ նշանակություն չունի, քանի որ մենք ապրում ենք քաղաքակիրթ աշխարհում, եւ որեւէ երկրում հնարավոր չէ հանցագործին հերոս դարձնել: Մենք նշեցինք, որ նման օրինակ ունենք նաեւ Հրանտ Դինքի սպանության ժամանակ, երբ հանցագործին փորձեցին հերոսացնել»:

Հունգարիայի օրենսդրության համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը առաջիկա 8 օրերի ընթացքում կարող է բողոքարկվել նաեւ Գերագույն դատարանում, սակայն փաստաբան Նազելի Վարդանյանը գրեթե անհավանական է համարում, թե դատական երրորդ ատյանում ադրբեջանական կողմը կարող է հաջողության հասնել. - «Հունգարական օրենսդրության համաձայն, Գերագույն դատարանը վարույթ է ընդունում միայն այն գործերը, որտեղ առկա են կոպիտ նյութական, դատավարական նորմերի խախտումներ, նոր երեւան եկած հանգամանքներ: Այդպիսիք այս գործում չկան»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG