Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստամյան. «Դաշնակցության համամասնական ցուցակում անսպասելի ոչինչ չի լինի»


Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) համամասնական ցուցակը, կուսակցության ղեկավար անդամի տեղեկացմամբ, «ամբողջությամբ պատրաստ չէ», այդուհանդերձ` դրանում «անսպասելի» ոչինչ չի լինի:

«Համամասնական ցուցակը ամբողջությամբ պատրաստ չէ, բայց սահմանված ժամկետներում, իհարկե, մենք կհրապարակենք: Կարծում եմ, շատ զարմանալի եւ անսպասելի չի լինի», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը` շարունակելով. - «Ես հիմա չեմ կարող ասել, թե ով հատկապես որ տեղում կլինի... Մեր պարագայում դա այդքան դժվար լուծելի խնդիր չէ: Վստահ եմ, որ այս հարցը շատ արագ իր լուծումը կստանա, ցանկը կհրապարակվի, կտեսնեք դուք այնտեղ ձեզ շատ [լավ] ծանոթ քաղաքական դեմքերի, ճանաչված անձանց»:

Ռուստամյանն ասաց, որ Դաշնակությունը կունենա նաեւ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ` հավելելով. - «Կարծում եմ, որ շատ չի ունենա Դաշնակցությունը մեծամասնական առաջադրված թեկնածուներ»:

Միեւնույն ժամանակ, ՀՅԴ-ն որոշակի կողմնորոշում կունենա բոլոր ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների առումով:

«Մենք կփորձենք ժողովրդին մեր տեսակետները հրապարակային ասելով` ուղղորդել: Այստեղ պարզապես քաղաքական պրագմատիզմը մի քիչ ավելի կաշխատի», - ասաց Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե ո՞ր ուժերի ներկայացուցիչներին կպաշտպանի Դաշնակցությունը, Ռուստամյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ մեծ մասամբ դրանք կլինեն կոալիցիայի անդամ կուսակցությունների կամ մերձիշխանական ուժերի [ներկայացուցիչներ], որովհետեւ դժվար թե ընդդիմությունը կարողանա մեծամասնական ընտրակարգով ինչ-որ լուրջ պայքար ծավալել»:

Նա փաստարկեց, թե «անցած փորձն էլ դա է ցույց տալիս». - «Եթե նայեք բոլոր մեծամասնական ընտրվածների մոտավորապես 90 տոկոսը (կարող է անգամ ավելի լինել) մերձիշխանական թեկնածուներն են: Ընդդիմության թեկնածուներ շատ չեն եղել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG