Մատչելիության հղումներ

Ովքե՞ր են հավակնում այս տարվա խաղաղության Նոբելյան մրցանակին


Երեկ լրացավ 2007 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացման վերջին ժամկետը, եւ մրցանակային հանձնաժողովն այսօր կհրապարակի թեկնածուների թիվը՝ 135 անհատ եւ 46 կազմակերպություն:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը հայտնի է դարձել, որ ներկայացվածների ցանկում են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գորը, որը համընդհանուր ուշադրության առարկա դարձրեց մոլորակի ջերմացման խնդիրը, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, ամերիկյան թոք շոուի հաղորդավար Օփրա Ուինֆրին, խաղաղության բանագնացներից` Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին:

Ծագումով լեհ ամերիկուհի Իրենա Շինդլերը նույնպես 2007-ի խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներից է. նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բազմաթիվ հրեա երեխաների կյանք է փրկել: Բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալիի թեկնածությունը՝ տեխնիկական պատճառներով, ցանկում չի ընդրգկվել:

«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո Հայաստանի Սլավոնական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն էր առաջարկել Հայաստանի ու Թուրքիայի պետություններին՝ միասնաբար թուրքահայ լրագրողին Նոբելյան մրցանակի ներկայացնել. բացառության կարգով՝ հետմահու:

«Ազատություն» ռադիոկայանին Արմեն Դարբինյանն այսօր ասաց, որ իր առաջարկին որեւէ գործնական քայլ չի հետեւել, իսկ դատելով «դրանից հետո Թուրքիայի պահվածքից», ինքն այդ հարցում արդեն հոռետես է:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG