Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀՇ-֊ն հանդիպումներ է անցկացնում «Հանրապետության» հետ


«Դեռեւս վերջնական որոշում չկա, բայց կա լավատեսություն, որ մեր բոլոր ջանքերը կպսակվեն հաջողությամբ, եւ հնարավոր կլինի միասին՝ ոչ միայն «Հանրապետություն» կուսակցության հետ, միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսպես մեկնաբանեց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը «Հանրապետություն» կուսակցության հետ բանակցությունների ընթացքը:

Միաժամանակ, նա ընդգծեց. - «Դա ես չէի կոչի բանակցություններ, դրանք ուղղակի հանդիպումներ են եւ փորձ է՝ ավելի արդյունավետ կազմակերպելու [ընտրարշավը]»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու նախապայմաններից մեկը ընդդիմության միավորումն է, եւ տեղեկացրել էր, որ միասնական դաշինք ստեղծելու նպատակով իրենք բանակցում են ընդդիմադիր տարբեր ուժերի հետ:

Եթե, այնուամենայնիվ, չհաջողվի միասնական ճակատ ստեղծել, ապա, ՀՀՇ-ի փոխնախագահի խոսքերով՝ «մենք արդեն որոշում ունենք կայացրած, որ միեւնույն է, ցանկացած պարագայում, նույնիսկ՝ միայնակ, փորձելու ենք մասնակցել, եւ վստահ ենք, որ մեր ուժերի ներածի չափով կկարողանանք ե’ւ ավելի լրջացնել այս ընտրարշավը, ե’ւ որոշակի արդյունքների հասնել»:

«Հանրապետություն»-ից զատ, ՀՀՇ-ն որպես գործընկերների պատկերացնում է, «ըստ էության, բոլոր այն ուժերին, որոնք հասկանում են, որ միասնական ճակատով հնարավոր է լուծել մեր առջեւ ծառացած ամենամեծ խնդիրը՝ իշխանափոխությունը»:

Անդրանիկ Հովակիմյանը ձեռնպահ մնաց անուններ հրապարակելուց, թե ո՞ւմ հետ են իրենք արդեն բանակցել. - «Որովհետեւ ես չեմ բացառում, որ, ըստ էության, այդ ձեւաչափում կուզենայինք տեսնել ե’ւ ԱԺՄ-ին, ե’ւ «Ժառանգություն» կուսակցությունը, ե’ւ այլ կուսակցություններ: Միակ ամենաարդյունավետ ձեւը այն ձեւն է, որը ե’ւ մենք ենք առաջարկել, ե’ւ, ըստ էության, [ԱԺՄ-ի նախագահ] Վազգեն Մանուկյանն է առաջարկել՝ միասնական ճակատով գնալ դեպի իշխանափոխություն: Մնացած բոլոր խնդիրները՝ ե’ւ գաղափարական, ե’ւ ծրագրային, հետագայում հնարավոր կլինի լուծել, երբ Հայաստանը կլինի ժողովրդավարական երկիր»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG