Մատչելիության հղումներ

logo-print

Աղթամարի Սուրբ Խաչ վերանորոգված եկեղեցին կբացվի ապրիլի 15-ին


Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, որի վերանորոգումը թուրքական իշխանությունները նախաձեռնել են դեռ նախորդ տարվանից, վերաբացվելու է ապրիլի 15-ին: Այս մասին «Զաման» թերթին հայտնել է Թուրքիայի զբոսաշրջության եւ մշակույթի նախարար Աթիլա Քոչը՝ նշելով, որ վերանորոգման աշխատանքների վրա պետությունը ծախսել է 2 միլիոն դոլար:

Ըստ նրա, եկեղեցու բացմանը արդեն հրավիրվել են տեղի հայ համայնքի եւ հայ եկեղեցու առաջնորդներ, Եվրամիության երկրների մշակույթի նախարարներ: Մտադրություն կա հրավիրել նաեւ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Lիբանանի, Սիրիայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի մշակույթի նախարարներին, ներկայացուցիչների հայկական Սփյուռքի մեծ համայնքներից՝ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Lիբանանից: «Մենք հյուրընկալելու ենք 200 պատվարժան հյուրերի», - ասել է նախարարը:

Հյուրերը Վան են տեղափոխվելու «Թուրքական ավիաուղիներ»-ի չարտերային չվերթներով:

«Զաման»-ի մեկնաբանությամբ, Աղթամարի վերանորոգված եկեղեցու բացումը կարող է մեղմել թուրքերի եւ հայերի միջեւ թշնամանքը:

Համաձայն հրապարակման, 2005-2006 թվականներին Թուրքիայում 10 եկեղեցի է վերանորոգվել, որոնց թվում Աղթամարի եկեղեցուց բացի նշված են հայկական 3 այլ եկեղեցիներ:

Թուրքիայի զբոսաշրջության եւ մշակույթի նախարարն ասել է, որ առաջիկայում սկսելու են վերականգնել Անին:

«Զաման»-ի այն հարցին, թե արդյոք Աղթամարի եկեղեցու եւ Անիի վերականգնումը հակաքայլեր չե՞ն Հայոց ցեղասպանության մեղադրանքների դեմ, ինչպես ոմանք են պնդում, Թուրքիայի մշակույթի նախարարը պատասխանել է. - «Ոչ, դա ոչ մի առնչություն չունի ցեղասպանության մեղադրանքների հետ: Վերանորոգվում են տարբեր կրոնների հուշարձաններ՝ դրանք դիտարկելով որպես մշակութային հարուստ ժառանգություն»:

Վանա լճի Աղթամար կղզու վանական համալիրից ու շինություններից կանգուն է մնացել միայն Արծրունիների ժամանակաշրջանում՝ 915-921 թվականներին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին, որը հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից է:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG