Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ երեկ զինդատախազություն են հրավիրվել «Մատաղիսի գործով» նախկին մեղադրյալները: Զինդատախազության քննիչ Վարդան Սմբատյանը թերթին փոխանցել է, որ նրանք հրավիրվել են դատախազություն` խոշտանգումների հետ կապված: «Հարցաքննությունն» ավարտվել է նրանով, որ հրավիրվածները ստորագրություն են տվել քաղաքից չբացակայելու համար», - գրում է «Առավոտ»-ը եւ բխեցնում. - «Այսինքն, ի հեճուկս Վճռաբեկ դատարանի որոշման, նրանց նկատմամբ ընտրվել է խափանման միջոց»:

«Ազգ»֊-ը տեղեկացնում է. - «Հանգուցյալ Հրանտ Դինքի ընտանիքի անդամները պատրաստվում են դատական հայց ներկայացնել Ստամբուլի անվտանգության վարչության պետ Ջելալեթդին Ջերրահի դեմ: Ըստ տեղեկության, նրանք սպանության գործի հետաքննության վրա ներազդելու, պաշտոնը չարաշահելու, պարտականությունների կատարումից խուսափելու, հանցագործին խնայելու, հանցագործությանն առնչվող փաստերը քողարկելու, փոխելու եւ մի մասը ոչնչացնելու մեղադրանքով Ջերրահի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմել են Ստամբուլի գլխավոր դատախազություն: Դիմումը պատրաստել են ընտանիքի դատապաշտպանները: Նրանք ի պատասխան թղթակցի հարցի ասել են. «Ստամբուլի անվտանգության վարչության պետն ամիսներ առաջ իրազեկված լինելով Հրանտ Դինքի դեմ պատրաստվող մահափորձի մասին՝ հանգուցյալի անվտանգությունն ապահովելու առումով որեւէ միջոցառում չի իրականացրել: Թերեւս նա դրանով էլ թերացել է իր պարտականությունը կատարելուց, գործելով մահափորձը չկանխելու հանցանքը»:

«Ժամանակ Երեւան»-ը գրում է. - «Փետրվարի 20-֊ին տեղի ունեցած «Այլընտրանք»-֊ի հանրահավաքը, մեզ հասած տեղեկություններով, խիստ զայրացրել է «կառավարիչներին», եւ նրանք սկսել են մտմտալ, թե ինչպես առնեն գարնանային հանրահավաքների դեմը: Այս պատասխանատու գործը վստահվել է միտինգների հայտնի ցրող, լրագրող ծեծող, ոստինակության գեներալ, Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանին: Վերջինս միտինգից հետո նախատել է իր ենթականերին՝ «բարեհոգի» վերաբերմունքի համար եւ հանձնարարել է հաջորդ հանրահավաքներից հետո ավելի խիստ լինել միտինգավորների նկատմամբ, իսկ երթերի ու հանրահավաքների ամենաակտիվ մասնակիցների նկատմամբ կիրառել «Գազել» օպերացիան: Սա մոտավորապես նման է նախորդ միտինգների ժամանակ կիրառված մեթոդներին, երբ մարդկանց լցնում էին «Գազել»-֊ներն ու տեղափոխում ոստիկանություն»:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-֊ի նախագահ Ավետիք Իշխանյանը «Հայք» թերթում կարծիք է հայտնում. - «Ընդհանրապես սխալ է որեւէ միջազգային կառույցի հետ հույս կապելը: Ցանկացած փոքր երկրում, եթե ժողովուրդը որոշեց փոփոխություն մտցնել, ապա որեւէ միջազգային կառույց չի կարող խոչընդոտել: Օրինակ, Հարավային Ամերիկայում չկա ոչ Ռուսաստանի, ոչ էլ Եվրոպայի ազդեցությունը: Կա միայն ԱՄՆ֊-ի ազդեցությունը, սակայն երբ Չիլիում, Բոլիվիայում, Նիկարագուայում ժողովուրդը որոշեց ընտրել այն ղեկավարությանը, որին իր ամբողջ հզորությամբ դեմ էր ԱՄՆ-֊ը, ընտրեց: Հատկապես քաղաքական ուժերին ես ուզում եմ ասել՝ մոռացեք միջազգային կառույցներին»:

«Օրերս «Հայոց աշխարհ»-֊ի թղթակիցները միեւնույն հարցով դիմեցին մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների եւ քաղաքական գործիչների. ի՞նչն է ձեզ ամենից շատ մտահոգում այս նախընտրական փուլում: Մեր զրուցակիցների ճնշող մեծամասնությունն անկեղծորեն պատասխանեց. փողի պակասը»: Նույն թերթում պատգամավոր Մանվել Բադեյանը փաստում է. - «Ցավալի է, բայց ռուսաստանցի հայտնի գործիչներից մեկը զարմանքով նկատեց, թե շատ հետաքրքիր ժողովուրդ եք. 5 օրը մեկ հայտնվում է մեկը եւ ասում՝ 3 միլիոն դոլար տվեք, գնամ պրեզիդենտ դառնամ: Ոմանք գնում են Ռուսաստան, մյուսները՝ Ամերիկա կամ Եվրոպա: Բայց ոչ մեկը նրանց այդ գումարը չի տալիս: Դրսի աջակցությունը կարող է արդյունավետ լինել այն դեպքում, եթե այդ մարդիկ հասարակության մեջ որոշակի կշիռ, ասելիք ու անելիք ունեն»:

«Դուք նաեւ դժգոհ էիք, որ Ազգային ժողովն օրենքով պարտադրեց ամեն կեսգիշերին հեռարձակել Հայաստանի օրհներգը: Կարելի՞ է ենթադրել, որ շուտով Հայաստանի նախագահը կդիմի Սահմանադրական դատարան՝ առաջարկելով պարզել նաեւ այս դրույթի սահմանադրականությունը»,֊ - «Առավոտ»-֊ի այս հարցին ի պատասխան Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն ասել է. - «Ես հիմա էլ եմ դեմ: Եվ գտնում եմ, որ սա հարիր չէ մի երկրի, որը ցանկանում է ինտեգրվել եվրոպական արժեքներին: Դա նույնիսկ ծիծաղելի է: Թերեւս տեսե՞լ եք՝ գիշերվա ուշ ժամին ընդհատվում է էրոտիկ ֆիլմը, եւ հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG