Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Կլինեն մեծ կեղծիքներ՝ կլինեն նաեւ մեծ ցնցումներ»


«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի կարծիքով՝ եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ լինեն «մեծ կեղծիքներ, կլինեն նաեւ մեծ ցնցումներ»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահը, որն այս շաբաթ է վերադարձել ԱՄՆ կատարած ուղեւորությունից, ասաց.֊ - «Վաշինգտոնում իմ ելույթում նշել եմ, որ դեմ եմ, որ այսօրվանից ասվի՝ միեւնույն է կեղծելու ենք: Սա այսօր քարոզում է իշխանությունը: Ժողովրդի մեջ այսօր սերմանում են «մեր դեմ խաղ չկա»՝ այս «բեսպրեդելի» հոգեբանությունը: Որովհետեւ առանց այն էլ փողն ու զոռբայությունը կլանել են այս երկիրը: Մի քանի հարուստ մարդիկ որոշել են գնել ողջ ազգը: Եթե կլինեն մեծ կեղծիքներ, կլինեն նաեւ մեծ ցնցումներ»:

Նրա կարծիքով, Հայաստանում «նման տոտալ վերահսկողություն հեռուստատեսության նկատմամբ երբեք չի եղել, եւ այդ վերահսկողությունն ավելի է սաստկանում ընտրությունների նախօրեին»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Արթուր Բաղդասարյանը կարծիք հայտնեց, թե «Ղարաբաղի ակտիվությունը պետք է բարձրացնել»:

«Հանդես եմ գալիս մի նոր առաջարկով: Այն, ինչ անում է Հայաստանը Եվրամիության հարեւանության ծրագրով, առաջարկում եմ Ղարաբաղի իշխանություններին վերցնել այդ ծրագիրը եւ նույնությամբ իրականացնել Ղարաբաղում: Սա նաեւ արտաքին աշխարհին ցույց կտար, որ Ղարաբաղը ստեղծել է պետության համար բնորոշ բոլոր ինստիտուտները եւ գնում է առաջ»,֊ - ասաց Արթուր Բաղդասարյանը:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, նա կարծիք հայտնեց, թե «Հայաստանը Թուրքիայի հետ բաց եւ անկեղծ երկխոսության մեջ պետք է մտնի»:

«Կնճռոտ խնդիրները պետք է դրվեն բանակցային սեղանին: Մեր հարեւանները մեր թշնամիները չեն՝ պետք է ղեկավարվենք այս կարգախոսով»,֊ - եզրափակեց «Օրինաց երկիր»-ի առաջնորդը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG