Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյանը երրորդ անգամ չի առաջադրվի Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը դիմում է հղել Ղարաբաղի ժողովրդին, որում վերահաստատում է, որ մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում:

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի որոշ զանգվածային լրատվամիջոցներ շարունակում են չարաշահել վաղուց արդեն փակված թեման նախագահական երրորդ ժամկետի համար իմ թեկնածության հնարավոր առաջադրման մասին», - ասված է Արկադի Ղուկասյանի դիմումում, որը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Նշելով, որ իրեն դիմում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ, հայրենակիցներ Հայաստանից, այլ երկրներից, արտերկրի դիվանագետներ, քաղաքական գործիչներ, բարերարներ` խնդրելով առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում, «քանզի մեր ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրությունը երկրի գործող ղեկավարին ընձեռում է նման հնարավորություն», Արկադի Ղուկասյանը ընդգծում է. - «Իրեն հարգող նախագահը չի կարող այսօր մի բան ասել, վաղը` այլ բան: Խորին երախտագիտություն հայտնելով մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ արտասահմանյան բարեկամներին, որոնք պաշտպանում են իմ վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը եւ անկեղծորեն ցանկանում այսուհետ եւս ինձ տեսնել նախագահի պաշտոնում, նորից եմ հայտարարում, որ մտադիր չեմ առաջադրվել Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG