Մատչելիության հղումներ

Այսօր Մայրենի լեզվի օրն է


«Ժամանակն ու վիճակն են թելադրում, որ մենք ավելի կոնկրետ գործնական քայլերի դիմենք լեզվի եւ եթերի անաղարտությունն ապահովելու համար», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը:

Նա փոխանցեց, որ Մայրենի լեզվի տարին մեկնարկել է Ղարաբաղից, քանի որ «սահմանից է սկսվում հայրենիքը եւ մայրենի լեզվի պաշտպանությունը»: Տեսչության աշխատակիցները տարվա շրջանակներում այցելել են Տավուշի ենթաշրջանի մի շարք գյուղերի դպրոցներ, անցկացրել են բաց դասեր, գրքեր են նվիրել:

Միրզոյանը նկատեց, որ թե’ մարզերում, թե’ Ղարաբաղում եւ թե’ Երեւանում մայրենի լեզուն հավասարապես աղավաղված է: Մայրաքաղաքում գերակշռում է ժարգոնը, իսկ Ղարաբաղում՝ ռուսերենը:

Երիտասարդները խոստովանում են, որ գրական հայերենով չեն խոսում, շատ հաճախ օգտագործում են ժարգոնային եւ օտարալեզու բառեր:

«Ինչ մանկուց լսում ենք, այնպես էլ խոսում ենք», - արդարանում են նրանք: - «Այս պատմության մեջ մեղավորության բաժինն ունեն նաեւ հեռուստաընկերությոնները, քանի որ դրանց ժամանցային կամ զվարճալի ծրագրերում հնչող ժարգոնային բառերն ու նախադասությունները թեւավոր խոսքերի պես սկսում են շրջանառվել»:

Լեզվի տեսչության ղեկավարը ասաց, որ հեռուստաեթերում մեծ պահանջարկ են վայելում հենց աղճատված ու անգրագետ հայերենով հաղորդումները, որոնց քանակը, չնայած իրենց հորդորագրերին, գնալով ավելանում է:

Անդրադառնալով Ազգային ժողովի ամբիոնից հնչող հայերենին` Լավրենտի Միրզոյանը ասաց. - «Մենք պատասխանատու չեն նաեւ պատգամավորների աղքատ եւ աղավաղված հայերենի համար: Դա տեսչության խնդիրը չէ, քանի որ մեզ իրավունք վերապահված չէ նրանց գիտելիքները ստուգել: Պատգամավորներին ժողովուրդն է ընտրում եւ ոչ թե մենք»:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG