Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպացի կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ


Եվրոպացի կանայք միջինը 6 տարով երկար են ապրում տղամարդկանցից՝ համապատասխանաբար 81,2 եւ 75,1 տարի: Ընդ որում, տղամարդիկ ամենից երկար ապրում են Շվեդիայում՝ 78,4 տարի, իսկ կանայք՝ Ֆրանսիայում կամ Իսպանիայում՝ 83,8:

«Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդում է, որ երեկ լույս է տեսել «Եվրոստատ» տարեգիրքը, որը վիճակագրական տվյալներ է պարունակում Եվրամիության անդամ երկրների վերաբերյալ:

Եվրամիության ամենախիտ բնակեցված երկիրը Մալթան է՝ 1272 բնակիչ մեկ քառակուսի կիլոմետրի վրա, ամենանոսր բնակեցվածը՝ Ֆինլանդիան՝ 17 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա:

15 տարեկանից ցածր տարիքի երեխաների ամենափոքր տոկոսը Բուլղարիայում է՝ 13,8, ամենամեծը՝ Իռլանդիայում՝ 20,7:

«Ամենագեր» երկիրը Բրիտանիան է, ավելի ճշգրիտ՝ Անգլիան, որին հաջորդում են Գերմանիան եւ Մալթան: Ամենանիհար եվրոպացիները ֆրանսիացիներն են:

Շվեդիայում ծխող կանանց թիվը գերազանցում է ծխող տղամարդկանց թիվը: Այնուհանդերձ, այս երկրում ծխողները ամենափոքր տոկոսն են կազմում՝ 16,5:

Հագուստի եւ կոշիկների վրա Եվրամիությունում ամենից շատ փող ծախսում են հույները:

Ամուսնալուծությունների ցուցանիշով Եվրամիությունում առաջատարը Բելգիան է:

Բենզինի գների վերաբերյալ տարեգրքում ընդգրկված են 2005 թվականի տվյալները, ըստ որոնց, ամենաթանկ բենզինը Նիդերլանդներում էր, ամենաէժանը՝ Լատվիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG