Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյանը ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ելույթ կունենա էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ


Փետրվարի 22-23-ը Վիեննայում անցկացվելիք ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում պատրաստվում է ելույթ ունենալ նաեւ Հայաստանի պատվիրակության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով էներգետիկ անվտանգության հարցերին:

Նստաշրջանի օրակարգում էներգետիկ անվտանգության, լրատվամիջոցների ազատության, բնապահպանական եւ տնտեսական խնդիրներ են: Արտաշես Գեղամյանը ընդգրկված է Վեհաժողովի տնտեսական, ֆինանսական, բնապահպանական հարցերով կոմիտեի կազմում:

«Ուշադրություն եմ դարձնելու, նախ եւ առաջ, այն հարցի վրա, որ տարածաշրջանում իրականացվող խոշոր էներգետիկ ծրագրերից Հայաստանը արհեստականորեն դուրս մղվեց՝ լինի դա Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարը, թե Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց «Ազգային միաբանության» առաջնորդը: - «Ավելին, Ադրբեջանը եւ Թուրքիան, գիտակցելով, որ, փաստորեն, միջազգային հանրությունը թույլ տվեց, որ Հայաստանը նետեն շրջափակման մեջ, իրենց այդ քաղաքականությունը էլ ավելի զարգացրեցին. մասնավորապես, 2007 թվականի ապրիլին սկսելու են կառուցել Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղին, որը նույնպես շրջանցում է Հայաստանի տարածքը: Մինչդեռ մենք շատ լավ գիտենք, որ Կարս - Գյումրի երկաթուղին շատ թեթեւ աշխատանքներից հետո կարող է շատ ռիթմիկ, դինամիկ գործել»:

Այսինքն, ինչպես ընդգծեց Արտաշես Գեղամյանը, «այստեղ խոսքն այն մասին է, որ էներգետիկ ռեսուրսների տեր երկրները քաղաքական ճնշում են գործադրում այն երկրների նկատմամբ, որոնք զրկված են այդ ռեսուրսներից, իսկ, ցավոք սրտի, բացառությամբ Միացյալ Նահանգների, որը իր ֆինանսական կազմակերպություններին արգելեց ֆինանսավորել այդ երկաթգծի կառուցումը, ԵԱՀԿ-ի մնացած բոլոր երկրները լռելյայն ընդունեցին այդ 600 միլիոն արժողությամբ երկաթգծի կառուցումը»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG