Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը համոզված է, որ միավորվելու դեպքում հայաստանյան ընդդիմությունը կհաղթի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում:

«Ընդդիմությունը պիտի միավորվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Սարգսյանը: - «Չմիավորված ընդդիմությունը որոշակի կասկածներ է ստեղծում... Համոզված ասեմ` եթե միավորվենք, ընտրություններից առաջ արդեն հաղթել ենք: Հաղթելու բանալին դրանում է... Միավորված ընդդիմությունը հաղթելու է մինչեւ ընտրություններ»:

Արամ Սարգսյանը, ով նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից, փոխանցեց, որ իր ունեցած հանդիպումների ժամանակ հաճելիորեն զարմացել էր, որ ամերիկյան հեղինակավոր վերլուծաբանները բարձր գնահատական են տալիս հայաստանյան ընդդիմությանը` որպես տարածաշրջանում «ամենակազմակերպված ու ակտիվ ընդդիմություն»:

Արամ Սարգսյանը ասաց, որ «ջանք չի խնայի, որպեսզի ընդդիմությունը ընտրություններին գնա միասնական ճակատով», եւ արդեն նախաձեռնել է հանդիպումներ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ:

Նա ասաց նաեւ, որ վերջնական չի համարում ընդդիմադիր ուժերից մի քանիսի հայտարարությունները, թե ընտրությունների գնալու են միայնակ. - «Որեւէ հայտարարություն չեմ համարում վերջնական: Առավել եւս` Ստեփան Դեմիրճյանի հայտարարությունը: Բացարձակ վերջնական չէ այն, ինչ ներկայացված է: Կան կուսակցություններ, որոնք այդ հայտարարությունները չեն արել: Ես հակված եմ համագործակցել ընդդիմադիր ամբողջ դաշտի հետ»:

Միացյալ Նահանգներում ունեցած հանդիպումների վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը ասաց, որ դրանք «շատ օգտակար հանդիպումներ էին»:

«Առաջին հիմնական նպատակը «Կարնեգի» խաղաղության հիմնադրամում զեկույցն էր «Հայաստանում ընտրական գործընթացները» թեմայով», - պատմեց նա: - «Եղել եմ գրեթե բոլոր ստրատեգիական-վերլուծական ինստիտուտներում: Գործադիր եւ օրենսդիր իշխանությունների հետ եմ հանդիպել, քաղաքական կուսակցությունների հետ եմ հանդիպել»:

Նրա խոսքերով, իր բոլոր զրուցակիցները «ստույգ ինֆորմացիա ունեն, թե ինչ է կատարվում Հայաստանում»:

Ամենակարեւոր հանդիպումը Արամ Սարգսյանը համարում է Պետդեպարտամենտում պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումը. - «Վստահեցնում եմ ձեզ, Միացյալ Նահանգները այս ընտրություններին հետեւելու է ավելի ուշադիր, ավելի օպերատիվ եւ արագ է արձագանքելու գործընթացներին»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG