Մատչելիության հղումներ

Թուրքերի գրեթե կեսը ցանկանում են Հայաստանի հետ կապերի սերտացում


Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքները վկայում են, որ թուրքերի գրեթե կեսը ցանկանում են Հայաստանի հետ կապերի սերտացում:

Turkish Daily News-ի վկայությամբ, փետրվարի առաջին տասնօրյակում Թուրքիայի 27 նահանգներում 2403 մարդկանց շրջանում Metropoll ռազմավարական եւ սոցիալական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների 47,5 տոկոսը արտահայտվել է Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական կապերի բարելավման օգտին եւ միայն 16,6 տոկոսն է պաշտպանել հարաբերությունների լիակատար խզումը: Հարցվածների 47,8 տոկոսը կողմ է Հայաստանի հետ սահմանի բացմանը:

Միաժամանակ, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ թուրքերի մեծամասնության համար անընդունելի էին Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հուղարկավորության բազմահազար մասնակիցների կարգախոսները: Այսպես, «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսին դեմ է արտահայտվել հարցմամբ ընդգրկվածների 86 տոկոսը, «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսին՝ 67 տոկոսը:

Երկրում նախագահական ընտրությունների գործընթացի մեկնարկից երկու ամիս առաջ հարցման մասնակիցների 50,3 տոկոսը դեռ պատկերացում չունի, թե ով է դառնալու Թուրքիայի հաջորդ նախագահը: 57,3 տոկոսը չի ցանկացել որպես հաջորդ նախագահ տեսնել ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանին, եւ միայն 15,8 տոկոսն է արտահայտվել նրա նախագահ դառնալու օգտին:

Հարցվածների 55,8 տոկոսի կարծիքով, Էրդողանի նախագահ դառնալու դեպքում վարչապետ կդառնա ներկայիս արտգործնախարար Աբդուլա Գյուլը: Ընդ որում, վերջինիս նախագահ դառնալու օգտին արտահայտվել է հարցվածների 24,3 տոկոսը կամ Էրդողանի օգտին արտահայտվածներից գրեթե 10 տոկոսով ավելի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG