Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Չենք կարող խոսել բանակցությունների գործընթացում լուրջ հաջողությունների մասին»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի երեկոյան ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում «լուրջ հաջողությունների մասին չենք կարող խոսել»:

Փարիզի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների կազմակերպած ընթրիքի ժամանակ ունեցած իր ելույթում Հայաստանի նախագահը ասել է, թե խնդիրը այդ գործընթացում «հաստատուն լուծում» գտնելն է:

«Բանակցությունները ունեն մեկ նպատակ` օրինականացնել այն, ինչ մենք այսօր ունենք այդ հողի վրա», - շեշտել է Քոչարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք առաջիկա ամռանը Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրում (նկատի առնելով ԵԱՀԿ-ի Մինկսի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը, թե կողմերի մոտեցումները բավական մոտեցել հակամարտության լուծման հիմնական սկզբունքների շուրջ), Ռոբերտ Քոչարյանը ժխտական պատասխանեց:

Իր ելույթում Քոչարյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի այսօրվա իրավիճակին` ասելով, թե երկիրը «շատ ծանր» վիճակից դուրս է եկել եւ մտել է «կայուն զարգացման փուլ»:

Խոսելով Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման խնդրի մասին` Հայաստանի նախագահն ասաց, որ դա «միայն բարոյական խնդիր չէ, այլեւ Հայաստանի անվտանգության խնդիրն է»:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG