Մատչելիության հղումներ

«Իրավունք» թերթը այսօրվանից լույս չի տեսնում


Այսօրվանից կդադարի «Սահմանադրական իրավունք» միության «Իրավունք» պաշտոնաթերթի տպագրությունը:

Թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում այսպես պարզաբանեց թերթի լույսընծայման դադարեցումը. - «Սահմանադրական իրավունք» միությունը եւ «Իրավունք» թերթը անընդհատ հարձակումների էին ենթարկվում: Դատական հետապնդումներին զուգահեռ՝ մի խումբ խուլիգաններ հարձակումներ էին կատարում կուսակցության վրա: Մեր բազմիցս հղած դիմումները՝ դատախազությանը, իրավապահ մարմիններին, ոչ մի արձագանք չբերեցին»:

Ըստ Բաբուխանյանի, իրենք շարունակում են սպառնալիքներ ստանալ. - «Զանգահարում էին այդ մարդիկ, մի մարդ էլ գրասենյակ եկավ, հայտարարելով՝ «Շուտով ձեր վերջը գալու է», անհայտ մարդ էր, մինչեւ փորձեցինք հասկանալ՝ հեռացավ»:

«Ու մեզ պարզ ասացին, որ այդ հարձակումները շարունակվելու են, որովհետեւ դրանք կազմակերպել են երկրի ամենաբարձր ղեկավարները», - ասաց «Իրավունք»-ի խմբագրական խորհրդի նախագահը՝ հավելելով. - «Դա ակնհայտ է, որովհետեւ թերթը եւ կուսակցությունը ընտրություններից առաջ դատական միջամտությամբ փակելը միայն ու միայն կարող էր արվել երկրի ամենաբարձրագույն ղեկավարության սանկցիայով»:

Հայկ Բաբուխանյանի խոսքերով, «Իրավունք»-ը կարող է լույս տեսնել միայն այն պարագայում, եթե թերթի աշխատակիցների անվտանգությունը ապահովված կլինի, թերթի հիմնադրի հանդեպ կվերջանան քաղաքական հետապնդումները, որոնք այսօր տեղի են ունենում ամբողջ ծավալով»:

Ի պատասխան այն հարցի, թե դա ո՞վ պետք է երաշխավորի, Բաբուխանյանը հայտարարեց. - «Կա գլխավոր երաշխավորող՝ դա երկրի նախագահն է: Եվ, իհարկե, մենք դիմելու ենք միջազգային հանրությանը, մենք այսօր դիմելու ենք բոլոր դեսպանատներին, բոլոր միջազգային ներկայացուցչություններին, որպեսզի բոլորը ֆիքսեն, որ ընտրությունները այսօրվանից արդեն, ըստ էության, դրված են անօրինական դաշտի մեջ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG