Մատչելիության հղումներ

Ալեքսան Հարությունյան. «Խոսքը սկզբունքի մասին է եւ ոչ թե ինչ-որ մեկին ամբիոնից զրկելու»


Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող խորհրդարանական հաղորդումները «շատ ավելի մեծ ծավալով իշխող կոալիցիային էին վերաբերում եւ Ազգային ժողովի ղեկավարությանը, ընդդիմությունը այնտեղ փոքր տեղ ուներ, եւ խոսքը ընդամենը սկզբունքի մասին է, այլ ոչ թե ինչ-որ մեկին ամբիոնից զրկելու կամ չզրկելու»: Այսպես պատասխանեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք Սահմանադրական դատարանի ուրբաթ օրվա որոշումը առաջին հերթին հենց ընտրություններից առաջ ընդդիմությանը չի՞ զրկում օրենքով իրեն մատչելի դարձած եթերից:

Սահմանադրական դատարանի որոշմամբ երկրի հիմնական օրենքին չհամապատասխանող են ճանաչվել Ազգային ժողովի կանոնակարգի բոլոր այն դրույթները, որոնցով Ազգային ժողովը կարող էր Հանրային հեռուստաընկերությունից պահանջել, որ հեռարձակվեն խորհրդարանի նիստերի տեսագրությունները, հայտարարությունները, ինչպես նաեւ «Խորհրդարանական ժամ» հաղորդումը:

«Եթե զրկելու մասին է, ապա ավելի շատ այստեղ կորուստ ունեցավ իշխող կոալիցիան», - ասաց Ալեքսան Հարությունյանը: - «Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ամեն մի կուսակցություն, անկախ նրանից՝ ընդդիմություն է, թե իշխանություն, առնվազն 180 րոպե Հանրային հեռուստատեսությամբ ունենալու է՝ 120 րոպե վճարովի եւ 60 րոպե անվճար: Բացի այդ, մասնակցելու են բազմաթիվ այլ հաղորդումների, եւ նրանց գործունեությունը լուսաբանվելու է»:

Նա նաեւ պարզաբանեց, որ տեղի ունեցածը չի նշանակում, թե խորհրդարանի աշխատանքը լուսաբանող հաղորդումներ չեն լինելու. - «Խոսքը սկզբունքի մասին էր: Եթե նույնիսկ ինչ-որ իմաստով կամ այսօրվա վիճակով ձեր ասածը ճիշտ է, ապա որպես սկզբունք եւ որպես օրենք դա, ես կարծում եմ, ոչ միայն հակասահմանադրական էր, այլեւ հակասում էր մամուլի ազատության եվրոպական սկզբունքներին»:

«Ոչինչ չեմ դադարեցնելու, ես ուղղակի օգտագործելու եմ իմ խմբագրական ազատությունը եւ ոչ թե պարտադրված օրերի տվյալ ժամերին հեռարձակելու եմ: Մի փոքր այլ մոտեցում կլինի, բայց ոչինչ չի դադարեցվելու, եւ դա շատ շուտով բոլորը կտեսնեն», - հավաստիացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG