Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները քննադատում են Սահմանադրական դատարանի որոշումը


Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները երկուշաբթի օրը քննադատեցին Հայաստանի Սահմանադրական դատարանի` ուրբաթ օրը ընդունած որոշումը, որով երկրի հիմնական օրենքին չհամապատասխանող են ճանաչել Ազգային ժողովի կանոնակարգի բոլոր այն դրույթները, որոնցով Ազգային ժողովը կարող էր Հանրային հեռուստաընկերությունից պահանջել, որ հեռարձակվեն խորհրդարանի նիստերի տեսագրությունները, հայտարարությունները, ինչպես նաեւ «Խորհրդարանական ժամ» հաղորդումը:

Սահմանադրական դատարան այս հարցով դիմել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ուրբաթ օրը կայացած նիստին ներկա չեն եղել ոչ պատգամավորներ եւ ոչ էլ լրագրողներ:

«Ես հարցին նայում եմ ոչ որպես ընդդիմադիր պատգամավոր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը: - «Դա խոսքի ազատության սահմանափակում է... Փաստորեն մեկ հոգու` Ալիկ Հարությունյանին [Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին] տրված է իրավունք որոշել` ինչը ցույց տալ, ինչը ցույց չտալ»:

Մանուկյանն ավելացրեց, որ հակասահմանադրական է համարում հենց Սահմանադրական դատարանի որոշումը:

«Իհարկե, հատուկ էր արված` կապված 2007 եւ 2008 թվականների ընտրությունների հետ», - ասաց ԱԺՄ-ի նախագահը:

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նույնպես համոզված է, որ Սահմանադրական դատարանի որոշումը հատուկ միտում է հետապնդում:

«Մեծ հաշվով, թե այս որոշումը, թե վճարովի եթերի թանկացումը ակնհայտորեն նպատակ են հետապնդում սահմանափակելու առաջին հերթին ընդդիմության քարոզչության հնարավորությունները նախընտրական շրջանում, նաեւ` նախագահական ընտրություններից առաջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դեմիրճյանը: - «Սա ցույց է տալիս, որ վախենում են, որ ընդդիմությունը լայնածավալ քարոզչություն իրականացնի»:

Խորհրդարանում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մինչդեռ, դրական է գնահատում Սահմանադրական դատարանի որոշումը:

«Ինչպես բոլոր կառույցները, այնպես էլ խորհրդարանը կարող է պայմանագրային կապի մեջ լինել ցանկացած հեռուստաընկերության հետ», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ ասաց Սահակյանը: - «Եթե մենք ընդունում ենք հետեւյալ բանաձեւը, որ մամուլը անկախ է եւ ազատ է, ուրեմն մամուլը ինքը պիտի որոշի իր գործունեությունը»:

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը, ով ուրբաթ օրը հարցը ներկայացրել էր նիստի ժամանակ, հրաժարվեց մեկնաբանել որոշումը` փաստարկելով, թե դատարանի անդամները վճիռները մեկնաբանելու իրավունք չունեն:


Շաքե Ավոյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG