Մատչելիության հղումներ

logo-print

Գամսախուրդիայի գերեզմանը ոչնչացրե՞լ են


Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Էլենե Տեւդորաձեն ասել է, թե Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի այրին՝ Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան հայտնել է, որ Չեչնիայի տարածքում ոչնչացրել են Զվիադ Գամսախուրդիայի գերեզմանը:

day.az լրատվական գործակալության փոխանցմամբ, Էլենե Տեւդորաձեն նաեւ ասել է, որ մտադիր է այս տեղեկությունը փոխանցել վարչապետ Զուրաբ Նողաիդելիին, որը գլխավորում է առաջին նախագահի վերահուղարկավորման հանձնաժողովը:

Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Գեորգին, «Իմեդի» հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում հաստատել է գերեզմանի ոչնչացման մասին տեղեկություն ստանալու փաստը, սակայն ասել է, թե դա «անհրաժեշտ է ստուգել»: Գեորգի Գամսախուրդիան նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին կոչ է արել անձնական հսկողության տակ առնել այդ հարցը:

«Ռուսական կողմը` ասելով, թե տեղեկությունը ստացել է «վստահելի աղբյուրից», մեզ փոխանցել է, որ Գրոզնիում պատերազմի տարիներին ավերվել է այն թաղամասը, որտեղ ժամանակին վերահուղարկավորել էին Վրաստանի առաջին նախագահի մարմինը», - ասել է Գեորգի Գամսախուրդիան:

Վրաստանի առաջին նախագահը պաշտոնանկ էր արվել 1992 թվականին: 1993 թվականի դեկտեմբերի 31-ին նա զոհվել էր Արեւմտյան Վրաստանի լեռնային գյուղերից մեկում եւ հողին հանձնվել Ջիխաշկարի գյուղի տարածքում: Նրա մահվան հանգամանքների վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ: 1994 թվականին, Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքի պահանջով, դիակը տեղափոխել էին Գրոզնի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG