Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների թիվը դարձավ 147


Օհայո նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Զաք Սփեյսը հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին իր անդամակցելու մասին, ինչով հանձնախմբի անդամների թիվը հասավ 147-ի:

Ամերիկայի հայկական հանձնախմբի հաղորդագրության համաձայն, Զաք Սփեյսը ընդգրկված է Ներկայացուցիչների պալատի գյուղատնտեսության, փոխադրումների եւ ենթակառուցվածքների, ինչպես նաեւ վետերանների գործերով հանձնաժողովներում:

Սփեյսը Հայկական հարցերով հանձնախմբի արդեն հինգերորդ անդամն է Օհայո նահանգից:

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է կոնգրեսական Սփեյսի մուտքը Հայկական հարցերով հանձնախումբ:

Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, մատնանշելով ներկայումս ամերիկահայ համայնքին հուզող բազմաթիվ խնդիրները՝ սկսած ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչեւ Հայաստանի համար կարեւոր տեխնիկական եւ զարգացման օժանդակության ապահովումը, դրանց լուծման ուղղությամբ կոնգրեսական Սփեյսի հետ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:

Միացյալ Նահանգների Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախումբը ստեղծվել է 1995 թվականին: Հանձնախմբի համանախագահներն են Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG