Մատչելիության հղումներ

Դատական նիստը նշանակված է, իսկ արտաքսված Չախալյանը դեռ Հայաստանում չէ


Երկուշաբթի օրը վերաքննիչ դատարանը պետք է քննի անցած տարեվերջին 1,5 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Վրաստանի քաղաքացի, «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի փաստաբանի բողոքը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ, իսկ Չախալյանը դեռեւս Ջավախքում է:

Փետրվարի սկզբին վերաքննիչի նիստը արդեն մեկ անգամ հետաձգվել էր` Չախալյանի բացակայության պատճառով:

«Վերաքննիչ դատարանում նիստի ժամանակ պարզվեց, որ ծանուցագիրը ուղարկվել էր Երեւանի հասցեով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Չախալյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը` պարզաբանելով. - «Այսինքն` Չախալյան Վահագնի նկատմամբ խափանման միջոց նշանակված էր ստորագրություն Երեւանից չհեռանալու մասին: Այսինքն` արդեն դատարանի վճռով ինքը պարտավոր էր գտնվել Երեւանում ու չհեռանալ այդ բնակարանից, որտեղ հաշվառված էր»:

Տիգրան Հայրապետյանի խոսքերով, ոստիկանապետի որոշումը Վահագն Չախալյանին երկրից վտարելու մասին հակասում է դատական ակտին: Որոշվել էր դատական նիստը հետաձգել երկու շաբաթով, որպեսզի միջոցներ ձեռնարկվեին` կամ ոստիկանապետի որոշումը վտարման մասին վերացնելու, կամ դարձյալ ոստիկանապետի որոշմամբ հնարավորություն տալու Վահանգն Չախալյանին անցնել հայ-վրացական սահմանը եւ մասնակցել դատական նիստին:

Վահագն Չախալյանի պաշտպանը միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալը կարողանա մուտք գործել Հայաստան ոչ թե անմիջապես դատական նիստի օրը, այլ նիստից 5-6 օր առաջ, որպեսզի ունենա բավարար ժամանակ իր պաշտպանությանը նախապատրաստվելու համար:

Նախորդ շաբաթ Վահագն Չախալյանին թույլ էին տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն` Բավրայի անցակետում նրա անձնագրի մեջ համապատասխան նշում կատարելով: Սակայն, հասնելով մաքսակետին, ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել էր: Անհայտ պաշտոնյայի (Հայրապետյանի ենթադրությամբ` Հայաստանի ոստիականապետի) հեռախոսազանգից հետո, Վահագն Չախալյանի ձեռքից հետ են վերցնում անձնագիրը եւ նա ստիպված է լինում վերադառնալ Ջավախք:

Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ, այսօր առավոտյան իրեն զանգահարել է ոմն գնդապետ Գեորգինյան եւ տեղեկացրել, որ Վահագն Չախալյանին Հայաստան մուտք գործելու թույլտվությամբ ոստիկանապետի հրամանի պատճեն ֆաքսով փաստաբանների պալատ է ուղարկվել:

Փաստաթուղթը պետք է դեռ ուղարկվի Ջավախք, որպեսզի Վահագն Չախալյանը հասցնի գալ եւ մասնակցել վերաքննիչ դատարանում երկուշաբթի օրը նշանակված նիստին:

2006 թվականի դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը, Հայաստանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու մեղադրանքով 1,5 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել Վահագն Չախալյանին: Դատական նիստից հետո` նույն օրը, Վահանգն Չախալյանը վտարվել էր Հայաստանի Հանրապետությունից:

«Ազատություն» ռադիոկայանի ջանքերը որեւէ մեկնաբանություն ստանալ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, չնայած վարչության աշխատակիցերի պատրաստակամությանը, ապարդյուն անցան:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG