Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի կանայք չեն ցանկանում երրորդ երեխան ունենալ


Հայաստանցի կանանց մեծ մասը երկու երեխայից ավելի չի ցանկանում ունենալ: Այդ են վկայում են «Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն 2005»-ի արդյունքները:

Հետազոտությունն ընդգրկել է 8013 մարդ: Հարցված շուրջ 6 հազար կանանց 79 տոկոսը պատասխանել է, որ երրորդ երեխան ունենալու մտադրություն չունի, իսկ չորրորդ երեխա ունենալու ցանկություն հայտնել է ընդամենը 10 տոկոսը: Ընդ որում, տղամարդիկ ավելի շատ երեխաներ են ուզում ունենալ, քան կանայք. հարցված տղամարդկանց 30 տոկոսը իդեալական է համարել 3 երեխա ունենալը, 18 տոկոսը` 4 կամ ավելի:

«Մեր հետազոտության արդյունքում պարզվել է, որ 15-19 տարիքային խմբի ընդամենը 2 տոկոս կանայք են ծննդաբերել, ինչը մի շարք այլ երկրների հետ համեմատելիս մեծ ցուցանիշ չէ», - նշեց առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: - «Մեր կանանց ծննդաբերության միջին տարիքը 22 տարեկանն է: Սա խոսում է մեր արժեքային համակարգի եւ ամրակայված ավանդույթների մասին, ինչը պետք է դրական համարել»:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մեր երկրում մանկամահացության տեմպերը 2000 թվականի համեմատ նվազման միտում ունեն: Երեւույթն առավել տարածված է գյուղական վայրերում: Տնային ծննդաբերությունները կազմում են երեք տոկոս. այսօր Հայաստանում ծննդաբերությունների 97 տոկոսը տեղի են ունենում բուժհաստատություններում:

Հետազոտողները փաստում են նաեւ, որ մեր կանայք երեխաներին հիմնականում (70-80 տոկոսը) կրծքով են կերակրում:

Հետազոտված տղամարդկանց 60 տոկոսն ասել է, որ ծխում է, իսկ կանանց ընդամենը 2 տոկոսն է խոստովանել դա:

«Իրականում ցուցանիշն ավելի բարձր է: Պարզապես ավանդույթի համաձայն հայ կանայք այդ հարցին պատասխանում են «ոչ»` եթե նույնիսկ ծխում են», - նշեց Թաթուլ Հակոբյանը:

Հայաստանցի կանայք չեն կարողանում հաղթահարել նաեւ ավելորդ քաշի խնդիրը. հարցվածների 27 տոկոսը տառապում է գերքաշությամբ:

Հայաստանի առողջապահության նախարարության եւ ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացված այս հետազոտությունը ֆինանսավորվել են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ -ի մանկական հիմնադրամն ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG