Մատչելիության հղումներ

Նիդերլանդական կուսակցությունը կոչ է անում խորհրդարանում եւ կառավարությունում չընդգրկել երկքաղաքացիների


Նիդերլանդների Ազատության կուսակցությունը, որը հանդես է գալիս ներգաղթի դեմ, կոչ է արել երկքաղաքացիություն ունեցող քաղաքական գործիչներին արգելել խորհրդարանի կամ կառավարության անդամ լինել: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, քաղաքացիության մասին օրենքում նման փոփոխություն է առաջարկել կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Սիեսթե Ֆրիթսման:

«Երբ, օրինակ, Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունն է քննարկվում, հանկարծ տեսնում ենք, թե ինչպես որոշ մարդիկ [երկքաղաքացիություն ունեցող քաղաքական գործիչներ] երկերեսանի ելույթներ են ունենում կամ անամոթաբար պաշտպանում են թուրքական տեսակետը», - գրել է Ֆրիթսման՝ ընդգծելով. - «Անընդունելի է, երբ հնարավոր է օտար երկրների շահերի պաշտպանությունը հոլանդական կառավարության անդամների կողմից»:

Ազատության կուսակցության առաջնորդ Գեերթ Վիլդերսը, իր հերթին, զգուշացրել է, թե մոտ մեկ միլիոն մահմեդական բնակչություն ունեցող Նիդերլանդներին «մահմեդականացման ցունամի» է սպառնում:

Ընտրություններից հետո վարչապետ Յան Պետեր Բալկենենդեն նոր կառավարություն է ձեւավորում, որում նախատեսում է ընդգրկել երկու երկքաղաքացիների՝ խորհրդարանի ներկայիս պատգամավոր, թուրք Նեբահաթ Ալբայրաքին եւ Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամ, մարոկացի Ահմեդ Աբութալեբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG