Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Մենք պետք է պայքարենք հանուն ազատ ու արդար ընտրությունների»


«Մենք պետք է պայքարենք հանուն ազատ ու արդար ընտրությունների», - հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ հինգշաբթի երեկոյան ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնում:

Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահի համոզմամբ, «երկրի առջեւ ծառացած խնդիրները` Lեռնային Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, կարող են լուծվել միայն լեգիտիմ իշխանությունների կողմից»:

«Օրինաց երկիր»-ի ղեկավարը, պատասխանելով քննարկմանը ներկա ամերիկացի փորձագետների ու լրագրողների հարցերին, Հայաստանում առաջիկա ընտրությունների առնչությամբ ասել է. - «Մենք պետք է պայքարենք, որ արդար ընտրություններ տեղի ունենան: Բայց միջազգային հանրությունն էլ պետք է օբյեկտիվ հայացք նետի տեղի ունեցածին»:

«Եթե լինեն խոշոր կեղծիքներ, մարդիկ դուրս են գալու փողոցներ՝ դա միանշանակ է», - շեշտել է Արթուր Բաղդասարյանը: - «Երկու ընտրություն հնարավոր չէ կեղծել: Մայիսին խորհրդանական ընտրություններ են, իսկ սեպտեմբերին մեկնարկում են նախագահական ընտրությունները»:

Հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները «Օրինաց երկիր»-ի առաջնորդը բնութագրել է որպես «վասալային». - «Դեմ ենք վասալային հարաբերություններին, որ այսօր կան»

Բաղդասարյանը դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանը եւ Եվրոպական միությանը Հայաստանի արեւմտյան հարեւանի անդամակցությանը. - «Թուրքական գնացքը շարժվում է Եվրամիության ուղղությամբ՝ ինչո՞ւ մենք պետք է ռելսերին քար դնենք»:

Հարցին, թե ո՞րն է Lեռնային Ղարաբաղի հարցում «Օրինաց երկիր»-ի պատկերացրած առավելագույն զիջման սահմանը, կուսակցության նախագահը հստակ պատասխան չի տվել:

«Կարեւորը փոխզիջումների անհրաժեշտությունը հասկանալն է: Պետք է ունենալ իշխանություն, որը հեղինակություն կունենա ժողովրդի շրջանում: Ցածր հեղինակությունը իշխանություններին հնարավորություն չի տալիս այս կարեւոր հարցի լուծման ընթացքում համարձակ քայլերի գնալու», - հայտարարել է Արթուր Բաղդասարյանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG