Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Եթե Իրաքից հեռանանք գործը չավարտած՝ թշնամին կգա մեր տուն»


«Եթե Իրաքից հեռանանք գործը չավարտած՝ թշնամին կգա մեր տուն», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը՝ հինգշաբթի օրը Վաշինգտոնի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում հանդես գալով ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ելույթով:

«Հիմա Ներկայացուցիչների պալատը քննարկում է բանաձեւ, որը դատապարտելու է մեր նոր ռազմավարությունը: Ամերիկայի պատմության մեջ դա կլինի առաջին անգամը, երբ Կոնգրեսը նախ որոշում է մարտի դաշտ ուղարկել նոր հրամանատարի, ապա՝ քվեարկում այն ծրագրի դեմ, որը հրամանատարն առաջարկել է հաղթելու համար», - ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը:

Բուշը նաեւ քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ այն երկրներին, որոնք չեն ցանկանում լրացուցիչ ուժեր ուղարկել Աֆղանստան. - «Երբ մեր հրամանատարները լրացուցիչ զորք են խնդրում համապատասխան երկրներից, ՆԱՏՕ-ն պարտավոր է տրամադրել այդ ուժերը: Բացի այդ, մեր դաշնակիցները պարտավոր են վերացնել իրենց ուժերի գործողությունների ազատության վրա դրված սահմանափակումները. դա ՆԱՏՕ-ի հրամանատարներին կընձեռի ճկուն գործելու հնարավորություն, ինչն անհրաժեշտ է թշնամուն պարտության մատնելու համար»:

«ՆԱՏ0-ն ստեղծվել է մեկ սկզբունքով՝ դաշինքի անդամ երկրի վրա հարձակումը նշանակում է հարձակում ամբողջ դաշինքի վրա: Այդ սկզբունքն ուժի մեջ է անկախ այն բանից, թե որտեղ է անդամ երկիրը ենթարկվել հարձակման՝ իր սեփական տարածքո՞ւմ, թե՞ օտար երկրում առաքելություն կատարելիս», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG