Մատչելիության հղումներ

Ռուսաստանը շարունակելու է նպաստել Հայաստանի ՀՕՊ համակարգի զարգացմանը


Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակելու է նպաստել Հայաստանի հակաօդային պաշտպանության ազգային համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը:

«Հակաօդային պաշտպանության ազգային համակարգը Հայաստանում, մի կողմից, ուրախացնում է մեզ: Մյուս կողմից, մենք ձեզ կօգնեք` այդ թվում նաեւ այն ուժերով եւ միջոցներով, որոնք առկա են ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում», - ԱՊՀ անդամ պետությունների միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի հարցերով համադրման հանձնախմբի նիստի ավարտին լրագրողներին ասաց Միխայլովը, ով նաեւ այդ հանձնախմբի նախագահն է:

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը կարեւորում է ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը, որովհետեւ Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը մասամբ իրականացվում է հենց այս համակարգի միջոցով:

«Հայաստանի զինված ուժերի ավիացիոն եւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները եւ ռուսական 102-րդ բազայի ստորաբաժանումները համատեղ հսկում են մեր օդային տարածքը», - ասաց Սարգսյանը` հույս հայտնելով, որ շարունակվող աշխատանքների ընթացքում կլուծվեն դեռեւս չլուծված խնդիրները:

Այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանը եւ Ռուսաստանը միավորող` Կովկասում հակաօդային պաշտպանության նոր միացյալ տարածաշրջանային համակարգը, որի վերաբերյալ պարզաբանումներ տվեց ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգերի հարցերով Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Այթեջ Բիժեւը. - «Հեռանկարում այս համակարգը գործելու է: Բայց հիմա մենք նախապատրաստում ենք դրա ստեղծման իրավական հիմքը, որը պետք է հաստատեն մեր երկու երկրների ղեկավարները: Սա կապված չէ տարածաշրջանային զարգացումների հետ. պարզապես սա ամենաարդյունավետ համակարգն է»:

Բիժեւը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել իր` վերջերս արած հայտարարությունը, թե Ռուսաստանը հայ զինվորականներին վերապատրաստում է ՀՕՊ ամենահզոր` S-300 համակարգերի հետ աշխատելու համար:

Հայաստանի հակաօդային պաշտպանության վարչության պետ Արարատ Ամբարյանը հաստատեց, որ հայ զինվորականները 2005 թվականից նման վերապատրաստում են անցնում Ռուսաստանում. - «Շահագործելը [S-300 համակարգերը] ծանր է: Պիտի լրջորեն սովորվի այդ գործը»:

Հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանը որոշի ձեռք բերել S-300 համակարգեր, Ամբարյանը պատասխանեց, որ դա ավելի բարձր ղեկավարության որոշելիքն է:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG