Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը գրում է, թե ըստ շրջանառվող լուրերի, գեներալ Մանվել Գրիգորյանը կնշանակվի Հայաստանի նախագահի խորհրդական՝ այդ պաշտոնում փոխարինելով Գուրգեն Դալիբալթայանին:

«Առավոտ»-ի՝ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ, հավանական է, որ առաջիկայում Հայաստանի ոստիկանությունը նոր պետ ունենա: «Այդ պաշտոնում հավանական թեկնածուների թվում նշվում է նաեւ ՀՀ Ռազմական ոստիկանապետ Վովա Գասպարյանի անունը, ընդ որում՝ որպես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածուի», - գրում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը մերժել է «Հանրապետություն», «Ժառանգություն» եւ Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունների՝ նախընտրական դաշինք կազմելու առաջարկը: «Սա այն դեպքում, երբ նշված կուսակցությունները Ստեփան Դեմիրճյանին առաջարկել են գլխավորել այդ ենթադրվող դաշինքի համամասնական ցուցակը: Դեմիրճյանին անարդար է թվացել այն, որ իր կուսակցության «խարիզմատիկ» մյուս ներկայացուցիչներին բավարար տեղեր չեն առաջարկվել», - գրում է թերթը: - «Հիմա, փաստորեն, եթե ՀԺԿ-ն իսկապես որոշի չմիանալ դաշինքին, շրջանակը, բնականաբար, փոքրանում է: Ամեն դեպքում, կոնկրետ ԱԺՄ-ի, «Ժառանգության» եւ «Հանրապետության» բանակցությունները դեռ շարունակվում են»: «Հանրապետություն»-ը լիդերի հարցում ակնհայտորեն զիջել է առաջին երկուսին: Այսինքն, Արամ Սարգսյանը, մեր տեղեկություններով, համաձայնել է ցուցակում լինել երրորդը, իսկ եթե Դեմիրճյանը միանա՝ չորրորդը: Մնում է միայն, որ Վազգեն Մանուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն իրար զիջեն, եւ առաջինը լինելու պատճառով խնդիրներ չստեղծվեն», - ամփոփում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայք»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ «մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու թույլտվություն ստանալու համար ՀՀԿ-ական թեկնածուները պետք է «օբշակի հիմնադրամին» մուծեն 1,5 միլիոն դոլար»: «Այդ գումարի մեջ է մտնում տվյալ տարածքում ՀՀԿ շտաբների ողջ ծախսը՝ սկսած վարձավճարներից, վերջացրած ամենօրյա հացկերույթներն ու սուրճի փողը», - գրում է թերթը եւ հավելում. - «ՀՀԿ մեր աղբյուրները պատգամավորական մանդատի այդ բարձր սակագինը պայմանավորում են դոլարի արժեզրկմամբ»:

Հայաստանի արտգործնախարարը կիրակի օրը Քյոլնում հանդիպել է Գերմանիայի հայերի հետ: Ըստ «Ազգ» օրաթերթի՝ Վարդան Օսկանյանն ասել է. - «Ամբողջական ժողովրդավարական երկիր չենք դեռեւս: Այժմ երկրորդ սերնդի բարեփոխումների՝ ցավոտ մի շրջան պիտի մտնենք: Նախորդ ընտրություններին մենք վրիպել ենք, հիմա տեղ չունենք: Կարծում եմ, այս ընտրությունները Հայաստանի համար լինելու են շատ կարեւոր՝ ո՞ւմ պիտի ընտրենք, ինչպիսի՞ խնդիր պիտի դնենք: Ազգովին պիտի օրակարգը ձեւավորենք, հետո տեսնենք, թե քաղաքական որ ուժերը կարող են դա լուծել: Մեր ամենամեծ մարտահրավերը հաջորդ տարիներին երկնիշ տնտեսական աճ ապահովելն է: Մեծ հարված կլինի, եթե մի քանի տարի հետո տեսնենք, որ տարածաշրջանում ամենահետն ենք ընկել: Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտով տարածաշրջանում առաջինն էինք: Ադրբեջանը մեզ հավասարվել ու անցնելու է, Վրաստանը՝ նույնպես»:

«Ժամանակ Երեւան»-֊ը փաստում է, որ սյունեցիների բախտը բերել է՝ նրանք ըմբոշխնելու են տիտանների մենամարտը՝ թիվ 37 ընտրատարածքում միմյանց դեմ պայքարելու են Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը եւ Հայաստանի պաշտպանության նախարարի եղբարը՝ Սաշիկ Սարգսյանը: «Պաշտպանության նախարարի եղբորը հաղթելու դեպքում», - գրում է թերթը, - «Սամվել Բաբայանը կարող է ուղղակի կոտրել Սերժ Սարգսյանի միֆը: Բայց պարտվելու դեպքում Սամվել Բաբայանն ուղղակի կարող է դառնալ հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն, քանի որ եթե նա Սաշիկին չի կարողանում հաղթել, ապա էլ ի՞նչ քաղաքական կարիերայի մասին իրավունք ունի մտածել»:

«Հայոց Աշխարհ»֊-ը հարց է ուղղել Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, թե «Բարգավաճ Հայաստան»-֊ի ցուցակի երկրորդ տեղը հենց ձեզ է վերապահված: Խոսնակը պատասխանում է. - «Եթե նախագահը այլ որոշում չկայացնի, շարունակելու եմ պաշտոնավարել ներկայիս կարգավիճակում եւ չեմ պատրաստվում ընդգրկվել որեւէ կուսակցության համամասնական ցուցակում»:

Անդրադառնալով գալիք ընտրարշավին` «168 ժամ»-֊ը գրում է. - «Հասկանալի է, չէ՞, թե ինչ հուզիչ տեսահոլովակներ են ցուցադրելու իշխանական ուժերը, ինչ լուսավոր դեմքեր են հայտնվելու Մասիս սարի, Եռագույնի ու տնտեսական աճի ֆոնին, ինչ լուսավոր մտքեր են հայտնելու… Իսկ հիշո՞ւմ եք այն թութակի պատմությունը, որն ամեն անգամ ոստիկանին հայհոյում է, ու երբ սպառնում են եւս մեկ անգամ կրկնվելու դեպքում պատժել, հաջորդ անգամ ոստիկանին տեսնելիս ուշադիր նայում է նրան ու ասում. «Մի խոսքով, դու ինձ հասկացար»: Այնպես որ, ընդդիմությունը կարող է իշխանական կուսակցությունների տեսահոլովակներից հետո պարզապես հայտնվել հեռուստաէկրանին եւ ասել. «Մի խոսքով, դուք մեզ հասկացաք»: Ժողովուրդը կհասկանա»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG