Մատչելիության հղումներ

«Արտույտի ֆերման» կինոնկարը «հակաթուրքական չէ»


Բեռլինի միջազգային կինոփառատոնում ներկայացված «Արտույտի ֆերման» կինոնկարը, որը պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության, այդ ժամանակ Թուրքիայում բնակված հարուստ հայ ընտանիքի բնաջնջման մասին, ըստ բեմադրիչների, «հակաթուրքական չէ»:

Կինոնկարի բեմադրիչները` իտալացի եղբայրներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիները չորեքշաբթի օրը ասել են, թե իրենց ուղերձը շատ ավելի տարողունակ է` մարդկային աղետը, որին հանգեցնում է ժամանակակից հակամարտությունը: Կինոնկարում պատմվում է, թե ինչպես են օսմանյան թուրքերը գլխատում, ամորձատում ու անդամահատում հայ ընտանիքի տղամարդկանց` նրանց իսկ կանանց ու երեխաների աչքի առջեւ:

«Այս կինոնկարը ուղղված չէ թուրքերի դեմ», - «Ռոյթերզ»-ին ասել է Պաոլո Տավիանին` մատնանշելով, որ կինոնկարում մի թուրք օգնում է փրկել ընտանիքի երեխաներից ոմանց: - «Սպանողը թուրքերը չեն, այլ քաղաքական շարժումը` երիտթուրքերը: Դա ճիշտ նույնն է, ինչ կատարվեց Իտալիայում` ֆաշիստների օրոք, եւ Գերմանիայում` նացիստների ժամանակ»:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կինոնկարի ցուցադրությունից հետո դահլիճում քար լռություն էր:

«Մենք ուզում ենք կապ գտնել Կոսովոյում եւ Ռուանդայում մեր օրերում կատարվածի հետ», - ասել է Վիտորիո Տավիանին: - «Մեր կարծիքով, հարկավոր էր անդրադառնալ մարդկության մեծագույն ողբերգություններից մեկին, որովհետեւ միմյանց լավ ճանաչող մարդկանց միջեւ պատերազմից վատ բան չկա»:

Տավիանի եղբայրները վստահություն են հայտնել, որ Թուրքիան պետք է անդամակցի Եվրամիությանը. - «Բայց մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան հրապարակայնորեն ճանաչի պատմական ճշմարտությունը հայերի ողբերգության վերաբերյալ, ինչպես դա արեցին Իտալիան եւ Գերմանիան»:

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` Արսինե Խանջյանը, որը կինոնկարի գլխավոր դերակատարներից է, ասել է, որ Թուրքիան դեռ ճանապարհ ունի անցնելու. - «Թուրքիան պետք է փոխի իր մոտեցումը Հայոց ցեղասպանության նկատմամբ, բայց նաեւ մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ունի այլ փոքրամասնությունների հետ կապված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG