Մատչելիության հղումներ

Արաբական վեց երկրներում` Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, Lիբանանում, Մարոկոյում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում Մերիլենդի համալսարանի անցկացրած հարցման արդյունքները վկայում են Մերձավոր Արեւելքում հակաամերիկյան տրամադրությունների կտրուկ աճի մասին:


Հարցվածների 38 տոկոսը որպես աշխարհի ամենաատելի քաղաքական գործիչ մատնանշել է Ջորջ Բուշին: Այս ցուցանիշով Միացյալ Նահանգների նախագահին զգալիորեն զիջում են արաբական աշխարհի թիվ մեկ հակառակորդ պետության` Իսրայելի նախկին ու ներկայիս վարչապետներ Արիել Շարոնն ու Էհուդ Օլմերտը:

Արաբական աշխարհի համար ամենաընդունելի ու սիրված արեւմտյան քաղաքական գործիչը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն է: Նրան համակրանքով է վերաբերվում Էմիրություններում հարցվածների 31 եւ լիբանանցիների 23 տոկոսը:

Ի պատասխան այն հարցի, թե օտարերկրյա ո՞ր պետության նախագահին կցանկանային տեսնել սեփական երկրի ղեկավարի դերում, հարցվածները ամենից առաջ նշել են Ժակ Շիրակի եւ Վենեսուելայի ղեկավար Ուգո Չավեսի անունները:

2006 թվականին արաբական աշխարհում ամենամեծ հեղինակությունը վայելող քաղաքական գործիչների ցանկում միանձնյա առաջատարը Հըզբոլա շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալան է: Հեղինակության նման կտրուկ աճի պատճառը, ըստ Մերիլենդի համալսարանի սոցիոլոգների, Lիբանանյան պատերազմն է, որը, հարցված արաբների ճնշող մեծամասնության համոզմամբ, ավարտվել է Հըզբոլայի լիակատար հաղթանակով:

Պետությունների նկատմամբ արաբների տածած վստահության առումով առաջատարը կրկին Ֆրանսիան է: Այն հարցին, թե եթե աշխարհում ընդամենը մեկ գերտերություն լիներ, ո՞ր պետությանը կգերադասեին վերապահել այդ դերը, հարցման մասնակիցների 19 տոկոսը պատասխանել է` Ֆրանսիային: Երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում` Պակիստանը:

Արաբական երկրների բնակիչները համոզված են նաեւ, որ Ֆրանսիան աշխարհի ամենաժողովրդավարական պետությունն է:

Արաբական աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնող պետությունների ցանկի առաջին երկու տեղերը, ըստ հարցվածների, գրավում են Իսրայելն ու Միացյալ Նահանգները:

Հարցմամբ ընդգրկվածների գրեթե երկու երրորդը համոզված է, որ արաբական աշխարհի ավելի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար պաշտոնական Վաշինգտոնը, նախեւառաջ, պետք է դադարի աջակցել Իսրայելին ու նպաստի պաղեստինյան պետության ձեւավորմանը` Երուսաղեմ մայրաքաղաքով: Հետազոտության մասնակիցների մի զգալի մասն էլ գտնում է, որ ամերիկացիները պետք է դուրս բերեն զորքերը Իրաքից:

Հարցվածների գրեթե կեսը համոզված է, որ Իրաքում խաղաղության հասնելու ճանապարհին հենց ամերիկացիներն են միակ խոչընդոտը, 23 տոկոսը պնդում է, որ իրավիճակը ամերիկյան զորքերի դուրսբերմամբ չի փոխվի, 24 տոկոսն էլ մտավախություն ունի, որ առանց ամերիկացիների քաղաքացիական պատերազմը Իրաքում կծավալվի նոր թափով:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG