Մատչելիության հղումներ

logo-print

Հեռուստաընկերությունները պնդում են, թե սակագները սահմանելիս ճնշումների չեն ենթարկվել


Մայրաքաղաքից հեռարձակվող հեռուստաընկերությունների ղեկավար ներկայացուցիչների պնդմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի համար բարձր սակագների սահմանումը պայմանավորված է պարզապես ֆինանսական եկամուտներ ստանալու ձգտմամբ: Նրանք հավաստիացրեցին նաեւ, որ որեւէ ճնշման սակագները սահմանելու հարցում չեն ենթարկվել:

Քաղաքական գովազդի մեկ րոպեի համար 130 հազար դրամ սակագին սահմանած «Արմենիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Նախընտրական ամբողջ շրջանում հեռուստաընկերությունը պիտի հրաժարվի կոմերցիոն գովազդից (որի սակագինը իրենց մոտ 72 հազար դրամ է) այն չափով, ինչ չափով տեղադրվելու է քաղաքական գովազդ: Բնականաբար, հեռուստաընկերությունը կրելու է որոշակի կոմերցիոն վնասներ: Եվ որպեսզի կոմպենսացնի դրանք, սահմանվել է այսպիսի գին»:

Նա հավելեց, որ սակագնի սահմանման հարցում իրենց «ոչ ոք ցուցում չի տվել», «որեւէ ճնշում չի եղել»:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հիմնադիրներից Գեղամ Մանուկյանը իրենց սահմանած սակագնի (100 հազար դրամից ավելի) առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց. - «Քարոզարշավը տեւում է շատ կարճ, եւ այդ կարճ շրջանում, բնականաբար, որպես տնտեսվարող ընկերություն, հեռուստաընկերությունները եւս պետք է փորձեն հնարավորինս օգուտ ունենալ»:

Նա նույնպես հերքեց, թե ցուցում կամ ճնշում է եղել. - «Մեր համար ցուցումներ երբեք չեն գործում»:

«Շանթ» հեռուստաընկերության (սահմանած սակագինը` 108 հազար դրամ` համամասնական կարգով քարոզարշավի համար, եւ 84 հազար դրամ` մեծամասնականի համար) կոմերցիոն տնօրեն Լաերտ Սողոյանը ասաց, որ կոմերցիոն գովազդի մեկ րոպեն «Շանթ»-ում արժե 96 հազար դրամ, ուստի սահմանված սակագինը բարձր չէ:

Ընդդիմադիրները, մինչդեռ, շարունակում են պնդել, որ նման սակագների սահմանումը միտումնավոր քայլ է:

«Այդ գինը սահմանվել է, բնականաբար, իշխանական կուսակցությունների համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: - «Այդ գնով կարող են իրենց թույլ տալ եթեր դուրս գալ միայն կեղտոտ փողեր վաստակած քաղաքական ուժերը»:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ դա ընդդիմությանը փողոց է մղելու. - «Հաշվի առնելով նրանց [ընդդիմադիր ուժերի] սահմանափակ ֆինանսական հնարավորությունները, ես կարծում եմ, որ ընդդիմությունը հիմնական շեշտը կդնի հրապարակային հանդիպումների վրա` հանրահավաքներ, հանդիպումներ ազգաբնակչության հետ»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք սխալ չէր հաշվարկը, եւ ընդդիմադիր ուժերը, չկարողանալով եթերաժամ գնել, կարող են քարոզչության հիմնական շեշտը դնել հանրահավաքների վրա, իշխանական կուսակցություններից Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը ասաց. - «Ցանկացած մեկը, որը փորձում է ինչ-որ հաշվարկներով հարցեր լուծել, միշտ կգտնվեն այլընտրանքային ձեւեր, որոնք այդ նույն հաշվարկի բացասական կողմերը կարող են ի հայտ բերել: Դա է հենց ընդդիմության դերակատարությունը. որ դու միշտ կարողանաս օգտագործել այդ քայլի հակաքայլը»:

Իսկ 29 մարզային հեռուստաընկերություններից, ըստ լրագրողների «Ասպարեզ» ակումբի տվյալների, միայն 11-ն են քաղաքական գովազդ տեղադրելու իրենց եթերում: Սակագներն այստեղ տատանվում են. ամենաբարձրը Տավուշի մարզի «Իջեւան» հեռուստաընկերության սահմանած սակագինն է` մեկ րոպեի համար 48 հազար դրամ, ամենացածրը` Լոռու մարզի «Ֆորտունա» հեռուստաընկերությանը` մեկեւկես րոպեի համար 500 դրամ:


Ռուզաննա Ստեփանյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG