Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքում է Ազիմովի մեկնաբանությանը


Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «տարօրինակ» է համարել, որ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Արազ Ազիմովը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան բանակցությունների վերաբերյալ մեկնաբանություններ է արել հանդիպումից 20 օր անց:

«Մենք արդեն առիթ ունեցել ենք գնահատել բանակցությունների վերջին փուլը` որպես կառուցողական եւ հուսադրող, միջնորդները նույնպես համակարծիք էին այդ գնահատականին», - հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցների հարցին:

Նա հնարավոր է համարել, որ «արտգործնախարարների առաջիկա հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի փոխարտգործնախարարը, ինչպես բազմիցս եղել է նախկինում, հող է նախապատրաստում ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման համար»:

«Ռեգնում» գործակալության վկայությամբ, Ազիմովը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հունվարի 23-ի մոսկովյան հանդիպումը որակել էր իբրեւ «հետքայլ»` հայտարարելով, մասնավորապես, որ «եթե բանակցությունները չշարունակվեն նախկին պայմանավորվածությունների հիման վրա, երեւի թե դրանք անիմաստ կլինի ընդհանրապես շարունակել»:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը, Bakililar.az-ին տված հարցազրույցում պնդելով, թե մոսկովյան հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը շատ կոշտ դիրքորոշում էր դրսեւորել Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձի եւ Լաչինի միջանցքի օգտագործման հարցերում, ասել էր. - «Դա ապակառուցողական դիրքորոշում է: Հայաստանը պետք է իմանա, որ Ադրբեջանը չի համաձայնի Լաչինի տարածքի նկատմամբ հայկական վերահսկողությանը: Եթե Հայաստանը ցանկանում է կապ ունենալ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ եւ պահպանել այդ կապը հետագայում, ապա դա հնարավոր է միայն Լաչինի ճանապարհի՝ ադրբեջանցիների հետ համատեղ օգտագործման ձեւով, եւ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG