Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Իրավունք»-ի խմբագրականն այսօր, նախընտրական թեման զարգացնելով, գրել է. - «ՀՀԿ-ի շրջանակներում տարբեր անձանց տված խոստումների եւ «հարյուր տոկոսանոց դաբրոների» ընդհանուր հանրագումարը վաղուց գերազանցել է ամբողջ Ազգային ժողովի մանդատների քանակը՝ 131-ը, ուստի փետրվարի վերջում գոյանալու է «քցվածների» հսկայական բանակ, որն ինքնին բավականին պայթյունավտանգ պոտենցիալ է: Եվ հարցը հնարավոր չի լինի կարգավորել անգամ ներիշխանական կատարյալ համերաշխության դեպքում, քանզի բոլոր իշխանական կուսակցությունները միասին վերցրած չեն կարող տեղավորել բոլոր խոստում ստացածներին»:

«Այսօր կարող է շատ բան որոշվել» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել է, որ «ընդդիմադիր ճամբարի մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր շատ կարեւոր խորհրդակություն են անցկացնելու, որ տեղի է ունենալու քաղաքից դուրս»: Ըստ թերթի, ընդդիմությունը քննարկում է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ միասնական համամասնական ցուցակով հանդես գալու եւ այդ ցուցակի ձեւավորման հարցը։ «Այսինքն, բացի 41 մեծամասնական ընտրատարածքներում իր թեկնածուներով հանդես գալու եւ Երեւանում ընդդիմադիր ուժերի լիդերների առաջադրման ծրագրից, ընդդիմությունը փորձելու է նաեւ միասնական դաշինքով հանդես գալ», - հավելել է թերթը։

«ՕԵԿ հանձնաժողովականներն էլի դուրս են մղվում» վերնագրի տակ «Առավոտ»-ն այսօր գրել է. - «Մարտունիի թիվ 24 ընտրատարածքային հանձնաժողովից իր դիմումի համաձայն դուրս է եկել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Ջուլիետա Ավետիսյանը, որը նախկինում հանձնաժողովի նախագահի տեղակալն էր»: Թերթը հիշեցրել է, որ «ավելի վաղ պաշտոնանկ էին արվել Սիսիանի, Գորիսի, Մասիսի եւ Արթիկի ընտրատարածքային հանձնաժողովների ղեկավար կազմում ՕԵԿ ներկայացուցիչները»:

«Խոսելը փողով է» վերնագրի տակ «168 ժամ» պարբերականը, անդրադառնալով հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների սահմանած քաղաքական գովազդի բարձր սակագներին, մասնավորեցրել է. - «Քաղաքական ուժերին, հատկապես ընդդիմությանը, մտահոգում են ոչ միայն այդ թանկ գնացուցակները, այլեւ այն հարցը, թե արդյոք հավասար պայմաններ կստեղծվե՞ն բոլորի համար»։ «Ոչ ոք, սակայն, մասնավոր հեռուստաընկերություններին չի կարող մեղադրել, թե ինչու են թանկ գներ սահմանել։ Դա նրանց իրավունքն է», - գրել է թերթն ու բխեցրել. - «Այլ հարց է, որ պետական միջոցներով՝ հարկատուներիս հաշվին գործող Հանրային հեռուստաընկերության գներն են թանկ»։

«Գրականությունն ընդդեմ ծխախոտի» վերնագրի տակ «Ժամանակ - Երեւան» թերթն այսօր գրել է. - «Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը օրերս հայտարարել էր, թե պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել հարազատ Նոյեմբերյանի շրջանում, եւ ապավինում է իր ընտրողների ընթերցասիրությանը: Հայտնի է, որ այդ ընտրատարածքում Սերժ Սարգսյանի անձնական դաբրոյի շրջանակներում իր թեկնածությունն է առաջադրելու Գրանդ Տաբակիչի որդին` Միքայել Վարդանյանը: Չնայած նա դեռ չի հայտարարել, թե ինչին է ապավինում, սակայն պարզ է, որ դա կարող է լինել ընտրողների ծխամոլությունը: Ընտրությունների արդյունքը ցույց կտա, թե նոյեմբերյանցիներն ինչն են գերադասում` Անանյանի գրականությունը, թե՞ Տաբակիչի «Դվինն» ու «Գառնին»:

Փոխանցելով, թե սոցիալական անհավասարության ցուցանիշով Հայաստանը վերջին տեղում է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում` «Ազգ» թերթն այսօր հղում է արել «Ռենեսանս կապիտալ» ռուսաստանյան ներդրումային խմբի իրականացրած «Տնտեսական իրավիճակը նախկին ԽՍՀՄ երկրներում» վարկանիշային ուսումնասիրությանը. - «Աղքատության ամենացածր ցուցանիշ ունեցող երկիրը Էստոնիան է, Ղազախստանն ու Բելառուսը: Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը դարձյալ հետեւում են մեկը մյուսին՝ զբաղեցնելով 10-րդ 11-րդ եւ 12-րդ տեղերը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG