Մատչելիության հղումներ

logo-print

Շիրակի մարզի մասնավոր հեռուստաընկերությունները հրաժարվում են քաղաքական գովազդից


Ըստ Ընտրական օրենսգրքի, համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո հեռուստաընկերությունները պետք է սահմանեն եւ հրապարակեն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին վճարովի եթեր տրամադրելու սակագները: Սահմանված ժամկետը արդեն լրացել է (փետրվարի 11-ին): Շիրակի մարզում գործող երեք մասնավոր հեռուստաընկերությունները սակագներ չեն ներկայացրել` այդպիսով հրաժարվելով քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդից:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ սակագների ամբողջական պատկերը պարզ կդառնա մի քանի օրից, քանի որ «կան փոստային առաքման ժամկետների հետ կապված խնդիրներ»:

Արդեն հրապարակված սակագները հեռուստատեսային եթերի դեպքում տատանվում են մեկ րոպեի դիմաց 80 հազարից մինչեւ 130 հազար դրամի սահմաններում` համամասնական ընտրակարգի համար, եւ 45 հազարից մինչեւ 130 հազար` մեծամասնականի համար:

Հանրային հեռուստաընկերության սահմանած սակագինը առայժմ ամենացածրն է` 80 հազար դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը մատնանշեց, որ սակագնի տարբերությունը 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների համամետ չնչին է (2003-ին սակագինը 70 հազար 800 դրամ էր). - «Մենք հակված էինք թողնել նույն գինը... Բայց խնդիրն այն է, որ կա նաեւ «Շիրակ» հանրային հեռուստառադիոն, եւ օրենքում ոչինչ սահմանված չէ «Շիրակ»-ի համար: Մենք, որպեսզի հետագայում շահարկումներից զերծ մնանք, որոշեցինք, որ այդ վճարովի եւ անվճար եթերները առանց լրացուցիչ վճարումների կհեռարձակվեն նաեւ «Շիրակ» հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով` ամբողջ մարզում»:

Շիրակի մարզում գործող մյուս երեք հեռուստաընկերություններից` «Շանթ», «Ցայգ», «Գալա», ոչ մեկը վճարովի եթերաժամի սակագին չի հրապարակել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ հեռուստաընկերություններից առաջին երկուսի ղեկավարները ասացին, թե որոշել են քաղաքական գովազդի համար եթեր չտրամադրել: Իսկ «Գալա» հեռուստաընկերության տնօրենը ասաց, որ «օրենքին քաջատեղյակ չեն եղել»:


Հովհաննես Շողիկյան եւ Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG